ԱՀԿ․ Կապիկի ծաղիկն անհանգստացնում է բժիշկներին, բայց Covid-19-ը շատ ավելի վտանգավոր է

509

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը Ժնևում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ կապիկի ծաղկի տարածման իրական վտանգ կա ոչ էնդեմիկ երկրներում, այսինքն՝ այն երկրներում, որտեղ հիվանդությունը «բերովի» է,  այլ ոչ թե բնորոշ է տվյալ տեղանքին։

Այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արձանագրել է կապիկի ծաղկի 1600 հաստատված և 1500 ենթադրյալ դեպք՝ գրեթե 40 երկրներում։

Գեբրեյեսուսը լրագրողներին հայտնել է, որ այդ բռնկումն անսովոր է, քանի որ հիվանդության դեպքերն արձանագրվել են մի քանի երկրներում Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի սահմաններից դուրս, որտեղ այդ հիվանդությունն էնդեմիկ է համարվում։

Կապիկի ծաղկի հարցրեով ԱՀԿ նախագծի ղեկավար Ռոզամունդ Լյուիսի խոսքով՝ հուսադրող է, որ կապիկի ծաղկի շտամմը մահվան չի հանգեցնում, աֆրիկյան երկրներում, որտեղ այդ հիվանդությունն էնդեմիկ է, արձանագրվել է 72 մահ, իսկ ոչ էնդեմիկ երկրներում՝ ոչ մի։

Մինչդեռ Pfizer ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլան հայտարարել է, որ Covid-19-ի նոր շտամմները, որոնց վրա պատվաստանյութերը կա՛մ չեն ազդում, կա՛մ շատ վատ են ազդում, շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում ամբողջ աշխարհում հանրուային առողջապահությանը, քան կապիկի ծաղկի բռնկումը։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք կապիկի ծաղկի տարածմանը, բայց, ըստ երևույթին, այն այնքան էլ վարակիչ չի, որ վերաճի համավարակի,- ասել է նա։- Կարծում եմ, որ գլխավոր խնդիրը մնում է կովիդը»։

Փոխանցում է BBc-ն։

Նախորդ հոդվածըՀաագայի դատախազն այցելել է Խարկով
Հաջորդ հոդվածըՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել տասնյակ բրիտանացիների, այդ թվում՝ BBC-ի լրագրողների դեմ