‘Ահմադինեժադը սպառնացել է տապալել նախագահական ընտրությունները’

906

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սպառնացել է տապալել նախագահական ընտրությունները, եթե իր դրածո Էսֆանդյար Ռահիմ Մաշեիին թույլ չտան դրանց մասնակցել, երեքշաբթի գրում է The Times թերթը: Նման եզրակացության պարբերականը հանգել է Ահմադինեժադի նամակի տեքստից, որն անցած հանգստյան օրերին հրապարակվել է նրա պաշտոնական կայքում: «Եթե ընտրությունների գործընթացը բարեփոխումների չենթարկվի, իսկ թեկնածուներն էլ որակազրկվեն առանց որևէ պատճառի, ես այդ ընտրությունները ապօրինի կճանաչեմ և չեղյալ կհայտարարեմ »,- ասված է Իրանի նախագահի նամակում:

Իրանի նախագահի ընտրությունները նշանակված են 2013 թ. հունիսին: Այդ պաշտոնի թեկնածուները պետք է ստանան Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի (որը հայտնի է նաև որպես Սահմանադրության պահապանների խորհուրդ) համաձայնությունը: Այս մարմինն ունի 12 անդամ՝ իսլամական հոգևորականության վեց ներկայացուցիչ, որոնց նշանակում է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, և վեց իրավաբաններ, որոնք նշանակվում են խորհրդարանի կողմից:

Երկրի ղեկավարի պաշտոնի հավակնորդների ցուցակը կհրապարակվի մայիսին: Ահմադինեժադի և Խամենեիի միջև հակասությունների համապատկերին՝ ԶԼՄ-ները չեն բացառում, որ Խորհուրդը ներկայումս նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Մաշեիին թույլ չի տա մասնակցել ընտրություններին: Միևնույն ժամանակ, Ահմադինեժադը վերահսկում է ներքին գործերի նախարարությունը, որի իրավասության ներքո են գտնվում ընտրությունները, և որը կարող է դրանք անօրինական ճանաչել: Նախարարությանը կասկածում են 2009 թ. ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ, երբ Ահմադինեժադը երկրորդ անգամ զբաղեցրեց նախագահի պաշտոնը, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արգենտինայի նախագահը քննադատության սրացման ֆոնին նշում է իր հոբելյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյանի և Սուքիաս Ավետիսյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ նյութերը կուղարկվեն ՀՔԾ’