‘Ահմադինեժադն առաջարկում է բարեփոխել ՄԱԿ-ում որոշումներ կայացնելու համակարգը ‘

965

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որն այսօր առաջիններից մեկն է ելույթ ունեցել ՄԱԿ-ի 67-րդ նստաշրջանի շրջանակներում իրավունքի գերակայության հարցերով նիստին, կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ն այնպես, որպեսզի համաշխարհային մակարդակի հարցերով որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորություն ստանան Գլխավոր Վեհաժողովի անդամ բոլոր երկրները:  

«Գլխավոր Վեհաժողովը, որպես ՄԱԿ-ի բարձրգույն մարմին, բարենորոգման միջոցով պետք է վերականգնի աշխարհի ունիվերսալ կառավարության իր դիրքերը», — հայտարարել է Իրանի նախագահը:

Նա կոչ է արել նաեւ ամբողջովին բարեփոխել Անվտանգության խորհուրդը, որտեղ այժմ համաշխարհային խաղաղության եւ անվտանգության կարեւորագույն հարցերով որոշումներ ընդունելու վճռորոշ իրավասություն ունեն ընդամենը հինգ երկրներ՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունն իր ելույթում զերծ է մնացել իր ղեկավարած կազմակերպության կառուցվածքի վերաբերյալ այդչափ արմատական փոփոխությունների մասին կարծիք հայտնելուց, սակայն իր հերթին նշել է, որ բոլոր երկրները հավասարապես պետք է ենթակա լինեն օրենքի կիրառմանը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում:

«Բանաձեւերի, որոշումների եւ օրենքների կիրառման մեջ խտրություն չպետք է կիրռվի: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի քաղաքական էգոիզմը խախտի արդարությունը», — հայտարարել է նա՝ առաջարկելով համընդհանուր հռչակագիր ընդունել, որում կշեշտվեն պետությունների իրավահավասարության եւ տարածքային ամբողջականության սկզբունքները: Միաժամանակ, նա առաջարկել է փաստաթղթում պահանջ ներառել, համաձայն որի, բոլոր պետությունները պարտավորվում են հարգել մարդու իրավունքները:

 

Նախորդ հոդվածը‘Սահակաշվիլին մասնակցել է վրացական նոր քաղաքի հիմնարկեքին:’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանցի ուսանողները բազմահազարանոց ցույց են արել Թբիլիսիում’