‘Ահմետովը Ուկրաինայի իշխանությանը և ընդդիմությանը երկխոսության կոչ է արել ‘

846

Ուկրաինայի ամենահարուստ մարդը՝ Ռինատ Ահմետովը, այսօր հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Այս օրերին շատերն են ցանկանում իմանալ իմ անձնական վերաբերմունքը կատարվող իրադարձություններին: Իմ տեսակետն այսիպիսն է՝ Ուկրաինան և իր նախագահը երեք ու կես տարի գնում էին եվրոպական ճանապարհով, և այդ ընթացքում շատ բան է արվել:

Վիլնյուսում համաձայնագիրը չստորագրվեց, և բոլորի մոտ հարց առաջացավ, թե ինչ կատարվեց՝ Ուկրաինան դադա՞ր վերցրեց, Ուկրաինան կա՞նգ առավ, թե ՞ գնաց այլ ճանապարհով: Բոլորը ցանկանում են   պարզություն մտցնել, և մարդիկ դուրս եկան մայդան՝ փնտրելու այդ հարցերի պատասխանները»:

Անդրադառնալով Ուկրաինայում այս օրերին տեղի ունեցող ցույցերին՝ Ահմետովը նշում է. «Այն, որ խաղաղ մարդիկ դուրս եկան խաղաղ  ակցիաների, խոսում է այն մասին, որ Ուկրաինան ազատ, ժողովրդավարական երկիր է: Այդ ճանապարհից Ուկրաինային ոչ մեկը չի շեղի, և դա շատ լավ է, բայց որ այս օրերին տուժեցին մարդիկ՝ դա անթույլատրելի է: Ես համոզված եմ, որ մեր երկրի համար այս ծանր պահին շատ կարևոր է պահպանել սառնասրտություն և  ցուցաբերել հավասարակշռված մոտեցում: Մի խոսքով՝ պետք է հաղթի առողջ բանականությունը: Ես ուժեղ, անկախ և միասնական Ուկրաինայի կողմնակիցն եմ: Մենք մեկ պետություն ենք, և այն բաժան-բաժան անել պետք չէ»:

Ահմետովը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծումը տեսնում է ընդդիմության և իշխանության երկխոսության մեջ:

«Ես կողմ եմ բանակցությունների սեղանին: Կողմ եմ, որ քաղաքական գործիչները, իշխանությունը, ընդդիմությունը, երկրի բարոյական առաջնորդները նստեն բանակցությունների սեղանի շուրջ և ընդունեն որոշում, որով մենք կհպարտանանք, կրկնում եմ՝ կհպարտանանք, այլ  ոչ թե  կամաչենք: Այնպիսի որոշում, որից կշահի Ուկրաինան և յուրաքանչյուր ուկրաինացի, ինչպես կարճաժամկետ, միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում: Ես այդ սեղանը կանվանեմ մեր երկրի ապագայի համար խաղաղության և երկխոսության սեղան: Եվ թող այդ սեղանի շուրջ քաղաքական գործիչները կորցնեն իրենց վարկանիշը, կարևորը՝ որ Ուկրաինայի վարկանիշը բարձրանա»,-եզրափակել է Ահմետովը, փոխանցում է Interfax-ը:

 

Նախորդ հոդվածը‘Միջքաղաքային երթուղիների համար մրցույթն անցավ առանց մրցակցության’
Հաջորդ հոդվածը’14 հազար իրավապահներ տեղափոխվել են Կիև’