‘Աղետի գոտում Սերժ Սարգսյանի «մատուցած ապահով» նորակառույցները փլուզվում են (Տեսանյութ, ֆոտոշարք)’

1393

Գյումրիում այսօր մասնակի ինքնափլուզման դեպք է գրանցվել ամիսներ առաջ շահագործման հանձնված Մուշ 2-2 թաղամասի բնակարաններից մեկում: Թիվ 54 շենքի 60-րդ բնակարանի տանտեր Սուսաննա Մշեցյանը 2 օրով մեկնել է Երևան, իսկ երբ հետ է վերադարձել, տեսել է, որ տան միջանցքի առաստաղը մասնակի ինքնափլուզվել է: «Տուն եկա, դուռը բացեցի, և դուռը կպավ լուստրային, տեսա, որ ընկել է ներքև, լրիվ էլեկտրական լարերից բռնած պոկվել է, սա ի՞նչ է, ի՞նչ իրավիճակ է, հերթը հյուրասենյակինն ու ննջարանինն է, այնտեղ էլ առաստաղը արդեն ուռել է, ծեփերը ուր որ է կթափվեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում դժգոհում է բնակչուհին:

Տիկին Սուսաննայի խոսքերով՝ 6 ամիս առաջ ստացած բնակարանն արդեն մեկ անգամ ինքը նորոգել է, ներքին հարդարման աշխատանքներ է իրականացրել, նոր տեղափոխվել է տնակից: «Ես նորից եմ սարքել, ասացի լավ է, թե վատ, մարդիկ տվել են. դժվարության մեջ է մեր երկիրը, սրանից էլ գոհ ենք, և նորից ներկել տվեցի, ու ի՞նչ ստացվեց… հիմա քանի՞ անգամ պետք է ես նորոգեմ, որքան գումար դեռ պետք է ծախսեմ, այս բնակարանները հետերաշխիքային սպասարկում չունե՞ն, բայց Գլենդել հիլզը՝ շինարարները չկան արդեն, վաղու՜ց թողել գնացել են, ո՞վ պիտի պատասխան տա հիմա»,- դժգոհում է Ս. Մշեցյանը:

Նա դիմել է համատիրություն, որտեղ և հորդորել են սպասել մի քանի օր, մինչև ձյունը հալվի և կաթոցները վերանան:

«Մենակ իմը չէ, հերթով փլուզվում են, անգամ հեռախոսով նկարած ունենք, թե ինչպես առաստաղը ծակում են ու դույլերով ջուր է թափվում, հիմա որ նայեք, կերևա՝ խոնավ է ամբողջ առաստաղը, դրա համար փլվում է, սա ի՞նչ որակ է, ի՞նչ տուն է, որ տվեցին մեզ 20 տարուց ավելի տնակում ապրողներիս համար: Ես հարցնում եմ՝ որտեղից ջուրը, եթե ես ամենավերևում եմ ապրում, ու կտուրը մաքուր է, վնասվածք չունի, ձյուն չկա, որտեղի՞ց է խոնավ, ուզում եք հիմա ծակեմ, և դույլերով ջուր թափվի… Իմ որդիները գտնվում են արտերկրում, նրանք գալիս են, թե արդեն տուն ունենք, վախենում եմ ասել, որ մեր տունն ինչ վիճակի է, էլ չեն գա, սա՞ էր Սերժ Սարգսյանի նվերը… հարցնում եմ՝ սա՞ էր, որ խոսում ու ամեն անգամ ասում են՝ աղետի գոտի ենք կառուցել, այ հենց դրա համար ինքը եկավ, ու սաղս ստեղ կանգնած, մի հատ չասավ՝ ա՜յ անօթևան, բարով վայելես տունդ, որովհետև գիտեր, որ տվածը տուն չէ, այլ կոշկին դոմ, իսկ հիմա այդ կոշկին դոմը փլվում է»:

Տիկինն ասում է, որ պատրաստվում է բողոքել, գնալ մինչև Երևան և պահանջել, որ գան ու բնակարանը նորոգեն:

«Ես կսպասեմ մեկ օր, տեսնեմ՝ ստեղ ինչ են անում, կգնամ մինչև Երևան, թող գան ու նորոգեն իրանց տված դոմիկը, սա ի՞նչ է, ծեփերը թափվել են գետին, երևում է, որ սաղ առաստաղը ծակած է, այսինքն մինչ այդ էլ դեֆեկտ է ունեցել, ծակել են, որ ջուրը թափվի, հետո մի կերպ լղոզել ու «չտես» տնակատիրոջը շպրտել, հենց իմացան մենք էլ ռայոնցի ենք, խելքներս բան չի՞ հասնում, թող գան ու սարքեն, պահանջում եմ, այլապես բանալիները կշպրտեմ ու կգնամ տղաներիս մոտ»:

Նախորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Հակոբ Հակոբյանի հոգեհանգիստը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Վարանի տրանսֆերային արժեքը կտրուկ աճել է’