‘Աղվան Հովսեփյանը Կիպրոսի դատախազին է հանձնել «օֆշորային» փաստաթղթերը’

1097

ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր Կիպրոսի Գլխավոր դատախազին առձեռն փոխանցել է իրավական օգնության մասին միջնորդագրերի կրկնօրինակները: Իրավական օգնություն ցուցաբերելու վերջին միջնորդությունը Կիպրոսի դատախազին էր ուղարկվել հունիսի 19-ին, իսկ նախորդը 2012 թվականին քննչական մարմինը հասցեագրել էր Կիպրոսի իրավապահ մարմիններին: Իրավական օգնության միջնորդությունը Կիպրոս է ուղարկվել դիվանագիտական ճանապարհով, սակայն, նկատի ունենալով, որ հուլիսի 1-ին Կիպրոսի գլխավոր դատախազի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր, ՀՀ գլխավոր դատախազն այսօր նաեւ Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին առձեռն փոխանցել է իրավական օգնության վերաբերյալ ամբողջ փաթեթը՝  խնդրելով համապատասխան ծառայություներին հանձնարարել հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել միջնորդության պահանջները և արդյունքների մասին տեղեկացնել ՀՀ ԳԴ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Խոսքը մասնավորապես վերաբերում է օֆշորային գոտում գրացված ընկերության վերաբերյալ ուսումնասիրություններին:

Հիշեցնենք, երեկ Հայայստանում գտնվող Պետրոս Կլերիդեսը պատասխանելով օֆշորային հայտնի սկանդալի վերաբերյալ լրագրողների հարցերին, ասել էր. «Ես խոսել եմ Հայաստանի գլխավոր դատախազի հետ: Մի քանի րոպե առաջ ինքը ինձ պատմել է այդ պատմության մասին: Առաջին անգամ եմ լսում այս մասին, նա խոստացավ ինձ տալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մինչև իմ մեկնելը և ես պատասխանատվություն եմ վերցրել անմիջապես քայլեր ձեռնարկել և պատասխանել»:

Ավելի վաղ Վարչապետը դիմել էր Գլխավոր Դատախազություն՝ խնդրելով ուսումնասիրել և քննության առնել մամուլում տեղ  գտած տեղեկությունները, իր դիմումին կցելով նաև Hetq-ի համապատասխան հոդվածը: Հիշեցնենք. ըստ «Հետք» պարբերականի հրապարակումների, գործարար Աշոտ Սուքիասյանը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաև Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Ի դեպ, վարչապետի այս դիմումը Գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ Ոստիկանություն: ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով, թե ինչու է դիմումն ուղարկվել ոստիկանություն մասնավորապես ասաց. «2012թ-ի հուլիսի 18-ին Փայլակ Հայրապետյանը Ոստիկանություն գրավոր հաղորդում էր ներկայացրել  իրենից խաբեությամբ գումար է հափշտակելու մասին: 2012թ-ի օգոստոսի 6-ին այդ հաղորդման հիման վրա Ոստիկանությունում հարուցվել էր քր գործ ՀՀ Քր օր 1783 -րդ հոդվածի 1-ին կետով: Եվ, քանի որ Hetq-ը հրապարակումը վերաբերում էր նույն գործին, ուստիեւ ՀՀ դատախազություն ուղարկված վարչապետի գրությունը և թերթի համապատասխան հոդվածը ուղարկվել է Ոստիկանություն՝ քր գործի շրջանակերում հոդվածում մատնանշված հանգամանքները ստուգելու համար համար»:

«Փաստինֆո»

Նախորդ հոդվածը‘Չուկոտկայի խորհրդարանի խոսնակի պաշտոնում Ռոման Աբրամովիչին փոխարինել է հայազգի Արամայիս Դալլաքյանը’
Հաջորդ հոդվածը‘Շիրակ – Տրե Պեննե. Ուղիղ’