‘Ամանորին ճանապարհային ոստիկանը ուղևորին ապահով տեղ կհասցնի’

1016

ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ամանորյա տոներին խիստ են վերաբերվելու այն վարորդների հետ, որոնք ոչ սթափ վիճակում կվարեն ավտոմեքենան:

Սակայն, նրա խոսքով, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի նման վարորդների պատճառով ուղևորները չեն տուժի, քանի որ նրանց ապահով տեղ կհասցնի ճանապարհային ոստիկանը՝ վարորդի փոխարեն վարելով մեքենան:

«Որևէ ներողամտություն չի լինելու ալկոհոլ օգտագործած վարորդների նկատմամբ»,-վստահեցրեց Արսեն Արշակյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ՃՈ-ն այս տարի ավելի ակտիվ կաշխատի, և կկրկնապատկվի տոներին ծառայության մեջ գտնվող ոստիկանների քանակը: Դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 13-ը ՃՈ-ն կաշխատի այս ռեժիմով:

Ինքն անձամբ դեկտեմբերի 31-ի երեկոյան աշխատանքի մեջ կլինի և մինչ առավոտյան 8:00-ը կանցկացնի Հանրապետության հրապարակում: «Սա թվով 10-րդ Ամանորն է, որ ես անցկացնում եմ դրսում»,- նշեց Արսեն Արշակյանը:

Վերջում տոնական մաղթանքներից բացի ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարը վարորդներին խնդրեց խախտումներ չանել, որպեսզի որևէ մեկն ավելի աղետալի վիճակում չհայտնվի, հայտնում է tert.am-ը:

Նախորդ հոդվածը‘ Ապստամբները Սիրիայում քիմիական զենքի կիրառության 18 դեպք են արձանագրել’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Որևէ մեկին թույլ չեմ տալու վիրավորել ու չափն անցնել’