‘Ամանորյա ուղերձն իբր անհատական հաղորդակցության ժանր ‘

2940

«..առաջիկա տարվա մեր առաջնահերթ խնդիրն եմ

համարում առկա զինադադարի վերածումը

կայուն խաղաղության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության

արդարացի լուծման հիման վրա:

Խաղաղության պարագայում ես մեր երկրի ու ժողովրդի լուսավոր

ապագային չեմ կասկածում:

Չեմ կասկածում նաեւ, որ մեր սերնդի օրոք

Հայաստանն արժանապատվորեն տեղ է զբաղեցնելու

քաղաքակիրթ պետությունների իրավահավասար ընտանիքում:

Կուզեի սա դիտվի ո՛չ որպես հավուր պատշաճի հնչած լավատեսություն,

այլ որպես մեր նեղ կացության մեջ նշմարվող լույսի դիտարկման արդյունք:

Սիրելի հայրենակիցներ, ի տարբերություն նախորդ տարիների,

ես ձեզ կոչում եմ արդեն ոչ թե տոկունության,

համբերության, այլ խաղաղ, ստեղծագործ աշխատանքի՝ ի բարօրություն

եւ ի փառս մեր հնգամյա անկախ հանրապետության: Շնորհավոր նոր տարի»:

Լեւոն Տեր-Պետրոսյան 1995-12-31

Ընդամենը հաշված ժամեր անց 2014-ը տարվա տանուտերը կլինի: Իսկ իշխանությունը զավթած խմբակի նախագահ Սերժ Սարգսյանը, իրեն ՀՀ նախագահ երեւակայելով, հերթական ավանդական ուղերձը կհղի հայ ժողովրդին:

Ուղիղն ասած, դժվար է երեւակայել, թե ինչ պիտի բովանդակի այդ տեքստը, եւ կամ՝ Սերժ Սարգսյանն ինչ երեսով պիտի դիմի նույնիսկ իր վարչապետի խոստովանությամբ՝ մոտ 70%-ով աղքատ ու անհույս այս ժողովրդին:

Հավանաբար, շատերի նման, նա՛ էլ է մտածում, թե ամանորյա եւ մնացած ուղերձները խորհրդային փարիսեցիության արդյունք են, որ ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում, որ հետագայում այդ տեքստը չի էլ հիշատակում՝ քննարկման մակարդակում, եւ որ իրենց անցանկալի դեմքը վերջին պահին խոհանոցից հյուրասենյակ վազվզող տանտիրուհիների համար ընդամենը նշանն է այն բանի, որ հարկավոր է մի քանի րոպե անց սեղան նստել ու բաժակ բարձրացնել: Ոչինչ ավելի:

Բայց արի` տես, որ մեզանում ինձ պես «թունավորներն» էլ կան, ովքեր դեռ 2008-ից սկսած՝ ուշադիր են հետեւում Սերժ Սարգսյանի ոչ ոչ միայն ամանորյա, այլեւ մնացած բոլոր ելույթներին: Եւ եթե կյանքն այս ընթացքում կառուցված լիներ ճիշտ այնպես, ինպես դրանց տեքստերն են ժամանակին կազմվել, ստացվում է, որ մենք ձեզ հետ միասին վաղուց արդեն պիտի ոչ թե սոսկ ՀՀ քաղաքացի, այլ եդեմական այգու բնակիչներ լինեինք…

2008-ին, օրինակ, Սերժ Սարգսյանը հետեւյալը խոստացավ մեր ազգաբնակչությանը. «Ես տեր եմ լինելու իմ բոլոր նախընտրական խոստումներին, եւ մենք միասնական ուժերով ենք դրանք կյանքի կոչելու: Կառուցելու ենք այն Հայաստանը, որը կմիավորի համայն հայությանը, այնպիսի՛ Հայաստան, որը կլինի բոլոր հայերի հայրենիքը: Կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ կտիրի փոխադարձ հարգանքի, սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ: Կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ մեր քաղաքացիները, յուրաքանչյուր ընտանիք՝ ապահով, արժանավայել կյանք եւ ինքնարտահայտման հնարավորություն կունենաՄենք կառուցելու ենք ուժեղ, հպարտ ու ժողովրդավարական պետություն Հայաստանը, որտեղ բոլորը հավասար են լինելու օրենքի առաջԵս այդ ամենն անելու եմ: Անելու եմ, որովհետեւ ցանկանում եմ լինել այն նախագահը, ով ամբողջությամբ կիրականացնի իր ծրագիրը, խաղաղություն ու կայուն զարգացում կբերի Հայաստանին, կամրապնդի մեր երկրի վարկն ու հեղինակությունը, ով կկարողանա լուծել այսօր մեր առաջ ծառացած բոլոր լուրջ հիմնախնդիրները, ով ունակ կլինի կանխատեսել բոլոր հնարավոր մարտահրավերներն ու դրանց հակազդելու միջոցներ կգտնի: Ես կարող եմ ու լինելու՛ եմ այդպիսի նախագահ»:

Թե ինչ եղավ հետո, ինչպիսի ռեպրեսիաներ հաջորդեցին այս ելույթին, բոլո՛րս ենք հիշում, չմանրամասնենք: Ինչ վերաբերում է խոստացված տնտեսական զարգացմանը, կամ սարգսյանական ձեւակերպմամբ՝ «ոչ թե գոյատեւում, այլ մրցունակ տնտեսության միջոցով թռիչքաձեւ զարգացում»  բանաձեւի կյանքի կոչմանը, ավելի լավ է` լռենք: Ընդամենը ամիսներ անց Տիգրան Սարգսյանը այնպիսի ֆիասկո արձանագրեց իբր՝ համաշխարհային ճգնաժամի եւ ռուս-վրացական ութօրա պատերազմի արդյունքում, որ անհնար էր երեւակայել:

Եւ, պատկերացրեք, ամոթից գետինն էլ չէին մտնում, որ ողջ քարոզարշավի ընթացքում բարբաջել էին մութ ու ցուրտ տարիների մասին՝ մոռանալով թե՛ երկաշարժի, թե՛ Խարհրդային միության քանդման ու դրա հետեւանքների, թե՛ արցախյան պատերազմի մասին: Աստծու՛ն փառք, որ իրենք չէին այդ տարիների նախագահն ու վարչապետը, թե չէ այս երկրից էլ, Արցախից էլ մեծ կտորն ականջը կմնար՝ ինչպես ասում են…

Բայց անցնենք առաջ՝ գալով 2009-ի ամանորյա ուղերձին:

Ինչպես արդեն նշեցինք, քաղաքական ռեպրեսիաները ողջ տարվա ընթացքում ամենաբուռն վերելքն էին ապրում, բոլորը ճգնաժամի մասին էին խոսում, ինչը վարչապետը համառորեն չտեսնելու էր տալիս, Հայաստան վարկը պարզապես հատակում էր, երկիրը՝ ԵԽԽՎ մոնիթորինգի ներքո, իսկ ահա ամանորին Սերժ Սարգսյանը հետեւյալ հիմնական գիծն էր անցկացնում իր ելութի միջով. «Անցնող տարին, կարծում եմ, մեր երկրի համար նշանակալի էր արտաքին քաղաքական նոր վարքագծով, որ բնորոշվում է ոչ թե այլոց քայլերին արձագանքելով, այլ սեփական նախաձեռնություններով, որոնք կոչված են մեր երկիրը բարձրացնելու միջազգային քաղաքականության նոր ուղեծիր, բացելու զարգացման նոր հորիզոններՀամոզված եղեք, հաջորդ` 2010թ. դառնալու է ճգնաժամի հաղթահարման եւ տնտեսական առաջընթացի նոր սկիզբ»:

2010-ն էլ անցավ:

Հասավ ամանորյա ուղերձ հնչեցնելու պահը, եւ ոչ միայն ոչ մի խոսք՝ նախորդում հնչած խոստումների կատարման վերաբերյալ, այլեւ նոր խոստումներ՝ տնտեսական ճգնաժամի հաղթահարման, բոլոր հայերի հայրենիքը լինելու, հայ-թուրքական նախաձեռնողական քաղաքականության ցանկալի եւ իբր՝ շատ շուտով երեւան եկող պտուղների ու այլնի վերաբերյալ: Իրական կյանքում, սակայն, շարունակվում էր բռնությունը քաղբանտարկյալների, ՀՀ քաղաքացիների եւ առհասարակ՝ ցանկացած իրավունքի եւ առողջ բանականության նկատմամբ:

Ինչ վերաբերում է 2011-ին, այստեղ արդեն առհասարակ խոստումներ չկան: Ընդամենը թեթեւ ակնարկ, որ կառավարությունն, իբր, զբաղված է եղել համառ աշխատանքով, ինչը շարունակվելու է նաեւ հաջորդ տարի, եւ զգայացունց՝ ոտից գլուխ կեղծ ձեւակերպումներ:

«Իմ հարազատ երկրի մեծ ընտանիքի սիրելի՛ անդամներ, մենք ընդհանուր շատ ավելին ունենք, քան կարծում ենք: Որքան էլ տարբեր կողմերից նայենք, մեկ է` մեր նպատակները նույնանում են, երբ ասում ենք հայրենիք, Հայաստան, Արցախ, Սփյուռք, խաղաղություն, ծնող, զավակԵկե՛ք մեր մտքում ամբարենք անցած տարվա մեր հաջող գործերն ու հաղթանակները` բանակի հպարտ ու փայլող շարասյուները, վերածնված Մատենադարանը, հրաշալի օդանավակայանը, հրոսակների զսպումը, համազգային ոգևորության անմոռանալի դրվագները, մյուսները: Եկե՛ք անցած տարում թողնենք անտարբերությունը, իրար չլսելը, թշնամանքըչթվեմ` գիտենք, թե ինչը արժեք չէ ու հարիր չէ հարազատ ընտանիքին: Եկե՛ք նոր թվական տանենք իրար նեցուկ լինելու խոստումը և նոր հաղթանակների վճռականությունը` ի բարօրություն մեր հայրենիքի` Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, հանուն խաղաղության ու արարման, հանուն մեր ընտանիքների, ծնողների, երեխաների, հանուն սահմանին կանգնած մեր որդիների»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Արդեն 2012-ին, սակայն, Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը բոլորովին ա՛յլ սկզբունքով է կազմվում: Այստեղ արդեն նա բացահայտորեն խուսափում է ոչ միայն որեւէ կոնկրե՛տ խոստում տալուց, կամ հների չկատարման այս կամ այն պատճառաբանությունը ներկայացնելուց, այլեւ` ընդամենը հասարակ քաղաքացու նմանությամբ բաժակաճառ է ասում նոր տարվա  հետ կապված նոր հույսերի վերաբերյալ: Հետաքրքիր է, որ որեւէ ակնարկ չկա նաեւ մեր երկրի եվրաինտեգրման, ժողովրդավարության, նախաձեռնողական քաղաքականության եւ բազում այլ նոու-հաուների վերաբերյալ: Ընդ որում, առաջին անգամ «ես կարող եմ», «մենք ի վիճակի ենք», «մենք կհասնենք» եւ նմանօրինակ այլ կաղապարների փոխարեն՝ Սերժ Սարգսյանն իր հաղորդակցության մեջ շարժվեց թիմի եւ իր սեփական պատասխանատվությունն իբր բոլորի վրա դնելու ճանապարհով:

Եւ քանի որ ընդունված է, որ, այնուամենայնիվ, մի քիչ էլ պիտի անցած տարվա ընթացքում ամբարած դրական արդյունքներ ներկայացվեն հանրությանը, գտավ ամենածիծաղելի, կառավարությունից ոչնչով չկախված հաջողություների՝ կրկին սենտիմենտալ թվարկման տարբերակը: Ընդ որում, դեռ հարց է՝ եթե այդպիսի ապաշնորհ քաղաքականություն չվարվեր, ու այդքան երիտասարդներ չարտագաղթեին երկրից, ինչ ուրիշ թվերի հետ գործ կունենայինք ձեզ հետ միասին…

«2012-ին մեր երկրի շուրջ 33 հազար երիտասարդներ ընտանիքներ կազմեցին. պսակի օրհնությամբ ու սիրով լցրեցին մեր հայրենիքը: Թող 2013 թվականը հայաստանցու օջախին երջանկություն ու ապահովություն պարգևի: Անցնող տարում հայոց երկիրը լսեց շուրջ 40 հազար նորածնի ճիչ:

40 հազար փոքրիկների հայացքներ զարմանքով ու ժպիտով առաջին անգամ նայեցին հայոց արևին ու ջերմացրեցին արևն իրենց խինդով: Հայաստանի Հանրապետության ավելի քան 40 հազար քաղաքացի: Մե՛ր սերունդը: Մեր բոլորի՛ ուրախությունը: Թող 2013-ն անամպ երկինք բերի մեր բոլոր զավակներին: Թող հայաստանցու տունը բերկրանք ապրի մանկան ճիչով: Ու թող խաղաղվի մայրերի երջանկությամբ:

2012 թվականին մեր մեծ ընտանիքի 36 հազար մանուկ առաջին անգամ մտավ դպրության տաճար: Դասագիրք բացեց ու նստեց դպրոցականի նստարանին: Թող 2013-ը նոր հարցեր տալու ու պատասխաններ փնտրելու համար անհրաժեշտ գիտելիքներ պարգևի: Մեր երկրի ապագան, մեր ապագան ամենից առավել կախված է հենց երեխաների կրթությունից: Մեր վաղվա քաղաքացուց: Արարելու նրա կամքից և ունակությունից»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Ես չգիտեմ՝ գիտակցո՞ւմ է, արդյոք, Սերժ Սարգսյանը, որ հատկապես ամանորյա հեռուստաուղերձը, որ հանրության ենթագիտակցության մեջ ընկալվում է իբրեւ իշխանության՝ ամեն մի քաղաքացու տուն մտնելու եւ նրան միանալու մի տեսակ միստիկ երեւույթ, իրո՛ք չափազանց կարեւոր է: Կամ՝ երեւակայո՞ւմ է, արդյոք, որ այդ ընթացքում, երբ մարդիկ անցնում  են օձի պես կաշի փոխելու եւ նորանալու ծեսին, որեւէ նախագահի խոսքը կարող է մարդուն կամ օգնել իր անկեղծությամբ կամ բացասական ծրագրեր ներբեռնել գիտակցություն:

Օրինակ, ընդհանրապես պատմությանը հայտնի առաջին ամանորյա ուղերձը կամ դիմումը, որ բրիտանական կայսրության հպատակների ականջին հասավ 1932թ-ին՝ Գեւորգ 5-րդ թագավորի օրոք, ուղիղ 10 տարի «ուշացումով տեղ հասավ», չնայած նրան, որ Բի-Բի-Սի-ի ղեկավարն արքային նման առաջարկ դեռ տաս տարի առաջ էր արել: Տեսակետ կա, որ թագավորն այն ժամանակ հրաժարվել էր ռադիոդիմումից միայն այն պատճառով, որ չէր ուզում կեղծիք լիներ խոսքում: 

Իսկ կեղծիք, ըստ նրա, անպայմա՛ն կլիներ թեկուզ միայն այն պատճառով, որ երկիրը ճգնաժամի մեջ էր, քաղաքական վայրիվերումները շարունակվում էին:

Միայն 1932-ին արքան իր մեջ ուժ գտավ ժողովրդին դիմելու համար, եւ դա առաջին արքունի ծիսական տեքստն էր, ընդ որում՝ մտերմիկ, ընտանեկան ոգով առլեցուն, որով Եվրոպայում հանրության հետ քաղաքական հաղորդակցության սկիզբը դրվեց:

Ավելին՝ հաջորդ տարիների ընթացքում նա չխուսափեց ուղերձում նաեւ տարվա կնճռոտ խնդիրների ու մարտահրավերների մասին խոսել, իսկ բրիտանացիները գնահատեցին արքայի անկեղծությունն ու այսպես կոչված՝ անհատական հաղորդակցության նոր ժանրը այնպես, ինչպես հետագայում ոչ ոք…

Հետեւաբար, երբ 1935-ին Գեւորգ 5-րդ-ը նշում էր իր գահակալության 25-րդ տարին, ինքն էլ զարմացած էր, թե որքան անկեղծ շնորհավորողներ էին հայտնվել իր կողքին:

Գալով մեզ` մենք, հավանաբար, պիտի Խորհրդաին միության մասին խոսենք՝ նավասարդ-կաղանդ մի կողմ դնելով եւ արձանագրելով, որ Խորհրդային պատության մեջ առաջին անգամ ամանորյա ուղերձով հանդես է եկել Կալինինը՝  1941 թվականին: Ասում են՝ սա հաջողված ձեռնարկ էր, որը հետագայում, ինչպես այդ երկրում շատ բան,  փչացավ՝ դառնալով պարտադիր կուսակցական-հաշվետու զեկույց: Ձանձրալի հեռուստատեսային զեկույց, իհարկե, որի սկիզբն էլ Բրեժնեւի կողմից դրվեց՝ 1970-ին:

Անկախությունից հետո նախագահ Տեր-Պետրոսյանը համարձակություն ունեցավ ի սկզբանե բացառիկ անկեղծ լինել ժողովրդի հետ: Ճիշտ է՝ ժողովրդի ուղեղը ամեն տեսակ տխմարություններով լցնողներին հաջողվեց նրա այդ պահվածքը հանրությանը նետված մարտահրավեր երկայացնել, բայց մյուս կողմից էլ նույնիսկ կարելի էր զարմանալ այն համարձակությամբ, որով Նախագահն էր հանդես գալիս մեր առջեւ:

Կոնկրետ ես, օրինակ` չգիտես ինչու, ամենաշատը տպավորված եմ նրա մի ելույթից, որից նույնիսկ փոքրիկ նշումներ էի արել արդեն հնամաշ նոթագրքիս մեջ: 1994-ի դեկտեմբերի 31-ն էր, եւ Նախագահը, զգացվում է` թեթեւացած շունչ է քաշում. «Մայիսը բերեց անդորրություն, մայիսը կրկին Ղարաբաղի հարցը մտցրեց կարգավորման հունի մեջ։ Մայիսին կնքված զինադադարից հետո Արցախն այլեւս բոլոր բանակցություններում հանդես եկավ որպես հակամարտության ճանաչված կողմ՝ ըստ այդմ հնարավորություն ձեռք բերելով նաեւ դիվանագիտական ճակատում պաշտպանելու իր իրավունքները»։

Իսկ ամանորյա ուղերձից մոտ քսան օր անց, Գերագույն Խորհրդի արտահերթ նիստում, Տեր-Պետրոսյանը հետեւյալ ուղերձով հանդես եկավ. «Ինչ վերաբերում է զինադադարի հետեւանքներին, ապա դրանցից գլխավորը հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացի վերականգնումն է՝ գործընթաց, որը նախորդ շրջանում թվում էր, մտել է անելանելի փակուղի»։ 

Ասել կուզի՝ Տեր-Պետրոսյանը երբեք այդպես էլ չտրվեց ոչ ստին ու կեղծիքին, ոչ էլ` ռազմական ռոմանտիկային ու ազգային առասպելներին։ Նա խոհեմաբար կրեց իրեն ուղղված մեղադրանքների տարափը, գիտակցելով, որ վաղը պատմության դասագրքերում ոչ թե տարատեսակ զորիներն ու լենսերաղալովյաններն են մնալու, այլ ղարաբաղյան հաղթանակը, որը արձանագրած զորքերի գերագույն հրամանատարը ի՛նքն էր:

Հուսամ, ուրեմն, որ մեր ժողովրդի համար իսկապես վրա է հասել թե՛ մեր այս ամբողջ ընթացքը վերագնահատելու, եւ թե՛ լրջաալու իրական պահը:

Շնորհավոր Ամանոր եւ Սրբ. Ծնունդ: Թող 2014-ը ազատագրի մեր միտքը, մնացածը ավելիով էլ կունենաք:

Համոզվա՛ծ եմ:

Գոհար Սիմոնյան 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Որքան արագ է պտտվում այս անիծյալ, խենթ մոլորակը’
Հաջորդ հոդվածը‘Մահափորձ ԼՂՀ նախագահի նախկին թեկնածուի նկատմամբ ‘