‘Ամենախեղկատակ օրենքը՝ կենդանիների պաշտպանության մասին. «Ժողովուրդ»’

1325

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը բացառիկ հնարավորություն ունի ընդգրկվելու Գինեսի ռեկորդների գրքում որպես առաջին պաշտոնյան աշխարհում, ում հաջողվել է կազմել ամենախեղկատակ օրենքը՝ կենդանիների պաշտպանության մասին:

Եվ այսպես, երեկ գյուղնախարարը ԱԺ-ում ներկայացրել է «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն արգելում է կենդանիներին վախեցնել, միմյանց նկատմամբ սադրել, առանց ցավազրկման ամորձատել, եղունգները հեռացնել, կենդանիների մարմնի դյուրազգաց մասերը սեղմել, պոչերը ճզմել, ոլորել, և մարդկային մտքի տգիտության այլ դրսևորումներ:

Թե ինչպես են վերահսկելու այս օրենքի կատարումը, ո՞ր կենդանին և ո՞նց է ահազանգելու իր նկատմամբ թույլ տրված օրինախախտման մասին, նախագծից այդպես էլ հասկանալի չի դառնում: Բայց կարևորն այստեղ օրենք գրելու դրդապատճառն է: Նախարար Կարապետյանի խոսքերով՝ «դա Եվրամիության և միջազգային կազմակերպությունների պահանջն է»:

Այսպիսով, հասկանալի դարձավ, որ փաստաթուղթն ընդունվում է «գալչկայի համար», որպեսզի հերթական եվրոպական դրամաշնորհը «տակով անեն» և եվրոպական կառույցներին հաճոյանան: Ոչինչ, որ օրենքը կմնա անկատար, ոչինչ, որ նախագծի վերաբերյալ, օրինակ, ՀՀ Արագածոտնի մարզի Սադունց համայնքի ղեկավար Էդվարդ Սադունյանը լսելով «Ժողովուրդ»-ի հարցը, չկարողացավ նույնիսկ զսպել իր ծիծաղը և տարակուսեց, թե օրենքի ընդունումից հետո ինչպես է շփվելու իր սեփական կենդանիների հետ:

Ինչևէ, թերևս նման դեպքերի համար է Էյնշտեյնն ասել, որ աշխարհում 2 անվերջանալի բան կա՝ մեկը մարդկային հիմարությունը, մյուսը տիեզերքը՝ շեշտելով, սակայն, որ տիեզերքի հաշվով այնքան էլ վստահ չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:     

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը՝ Որոտանի վաճառքի մասին. ԱՄՆ-ն պաշտպանում և աջակցում է. «Ժամանակ»’
Հաջորդ հոդվածը‘Խորվաթիան ջախջախում է Կամերունին (տեսանյութ)’