‘Ամենահամով հացը’

2847

Քաղցի զգացումը դարձել էր մեր կյանքի անբաժանելի ուղեկիցը: Օրը 300 գրամ հաց, կես սեւ բուխանկա, որը լեզվիդ տակ մի քանի վայրկյանում պարզապես հալվում էր: Մինչեւ հաջորդ օրվա պայոկը պետք էր ապրել այդ 300 գրամի քաղցր հիշողություններով:
Պատերազմ էր… Վերցնում էինք այդ պատերազմը, դնում մեր պուճուրիկ հացի մեջ ու դանդաղ վայելում զարմանալի բուտերբրոդը: Վատը չէր, եւ հետո՝ ամեն մարդու հասանելի չէ դրա համը: Բայց դե՝ քիչ էր: Քաղցը դրանից իր դիրքերը չէր զիջում: Ճիշտ է, ճակատում մեր տղերքն էլ չէին զիջում դիրքերը, ու այդ փաստը մեր հացի զակուսկին էր: 
Գոնե Սովետը լիներ, միգուցե խանութում տակից հաց առնեինք՝ ավելի թանկ գնով: Բայց այն չկար, կար նորամանուկ Հայաստան՝ աղքատ, անփորձ, առաջին քայլերն անող, մի քիչ հպարտ, մի քիչ լավատես: Համա քաղցը շատ համառ էր:
Ստիպված կեսգիշերին 3-4 կիլոմետր ճանապարհ էի կտրում, հասնում հացի փուռ: Մեկ էլ տեսար՝ մի բան կպավ: Մեկ-մեկ ստացվում էր, մանավանդ՝ երբ այդ օրը Մադունց Սամվելի հերթափոխն էր: Թաքուն, փռի պատի մեջ առկա մի մեծ անցքի միջով մի ամբողջ բուխանկա էր տալիս: 600 գրամանոց: Դա լուրջ թիվ էր: Բայց մինչեւ տուն էի վերադառնում, զարմանքով բացահայտում էի, որ հացը չկա: 3-4 կիլոմետրը որ բաժանես 600 գրամի վրա, կստացվի կիլոմետրին 150-200 գրամ: Մտամոլոր չորս անգամ հացը կծես, այն կվերջանա: Քաղցը մի փոքր նահանջում էր, վերադասավորում ուժերը եւ ավելի գազազած հարձակվում: 
Մալականները թշնամու «Գրադի» առաջին համազարկերից հետո հապճեպ ու շնչակտուր, էժան-էժան վաճառեցին տները ու փախան Ռուսաստան: Մալականի նման տանն էլ ես էի ապրում: Կարծես նոր տարվա բացիկի տուն լիներ: Մաքուր, խնամված, կոկիկ, փայտե տուն էր: Հարակից լիքը շինություններով, ամբարներով, նկուղներով: Հատկապես մի ամբարը լավն էր: Բավական խորն էր, ու ռմբակոծության ժամանակ շատ հարմար էր այնտեղ պատսպարվել. մինչեւ անցնի վտանգը: Ապահով տեղ էր, բայց քաղցի ձեռքերը այնտեղ էլ էին հասնում: 
Ձմեռն անցավ, տաքերն ընկան, ու անասունը հանդ գնաց: Դա փրկություն էր բոլորի համար. տներում հայտնվեց կաթ, մածուն, պանիր… Իմ տանն էլ դրանից լիուլի կար: Շատ: Բայց հաց չկար: Իսկ պանիրն առանց հացի՝ դա նույնն էր, ինչ որ փեսան՝ առանց հարսի: 
Խնդալու էր: Տունը կար, կովը կար, ամեն ինչ կար… բայց дом без «Натальи Петровни» – дом չէր: Ում էին պետք այդքան նկուղները: Գոնե, տեսնենք, մեջը ինչ կա: Մալականները միայն ամենակարեւոր իրերն էին իրենց հետ տարել, մնացածը թողել էին: Նկուղներից մեկում մի քանի պարկ կար՝ ծերերը կապած: Մի երկուսի մեջ աթար էր, մեկի մեջ՝ կավճափոշի, որով մալականները ամեն տարի սպիտակեցնում են իրենց տան պատերը: Իսկ ահա վերջին պարկին ձեռք տալիս մատներս սառեցին: Ինչ-որ բան շխշխկաց: Շունչս սառեց այն մտքից, թե այնտեղ ինչ կարող է լինել: Դանդաղ, դողդողալով բացեցի… Չոր հաց: Մի ամբողջ պարկ: Լավ, քյոք պարկ: Բառերով հնարավոր չէր նկարագրել ուրախությունս: Մի ակնթարթում դարձա հարուստ: Միգուցե՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Ավելի հարուստ, քան Հայաստանի ցանկացած օլիգարխ… չնայած՝ ինչ եմ ասում, այն ժամանակ օլիգարխ չկար: Կային պուզատիներ, ցեխավիկներ, մեկ էլ ինչ-որ Ժոկոյի անուն էին տալիս: Բայց ինձանից հարուստ թող չլինեն: 
Ստուգեցի պարկի պարունակությունը: Ամբողջական բուխանկա, հետո՝ մատնաքաշ-ջան, հետո՝ գյուղի բոքոն – վախ, հետո Սեւանի քարի հաց – yes!! Դրանք բուրում էին ուծազդ Շանելից ու Դիորից ավելի քաղցր, գրավիչ, ցանկալի: Խղճիս փաստաբանն էլ ինձ անմիջապես համոզեց, որ մալականները մաքրասեր ժողովուրդ են եղել, այնպես որ նրանց թողած հացերը էկոլոգիապես մաքուր են: 
Այդ օրը ես այնպիսի հաց ու պանիր կերա, ինչպիսին չի եղել ոչ դրանից առաջ, ոչ  հետո: Ամենահամով հացը, ամենալավ պանիրով – նման բան նույնիսկ «Ռատատուի» հերոսը չէր կարող պատրաստել: Մյուս օրը ամենամոտ ընկերոջս հետ արդեն չոր հացով կիսվեցի: Մի երկու ամսվա պաշար կար՝ հաշվել էի: Արդեն հաշվել էի նաեւ՝ եթե նման զրկանքների համար այդպիսի պարգեւ պիտի ստանայի, ուրեմն՝ այդ զրկանքները արժեր կրել: Ու պիտի մեր տղերքն էլ այնտեղ իրենց զրկանքների տեղը հանեին: Տարիներն անցնում են, բայց ամենահամով հացի բույրը շարունակում է մնալ:

Մհեր Ղալեչյան 

Նախորդ հոդվածը‘Մոլդովայի գլխավոր դատախազը մարդասպանության մեջ է մեղադրվում’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Եթե «Ռեալի» երկրպագուները իմ հասցեին սուլում են, ապա դա հրաշալի է’