‘Ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակում բեն Լադենի տեղն արդեն զբաղված է’

844

28-ամյա ամերիկացի Օմար Շաֆիկ Համամին հայտնվել է ամենավտանգավոր ահաբեկիչների ցանկում՝ զբաղեցնելով հանգուցյալ Ուսամա բեն Լադենի տեղը, հաղորդվում է ՀԴԲ-ի կայքում: Ալաբամայում մեծացած Համամին վտանգ է ներկայացնում այն պատճառով, որ ջիհադյան ռեփ է ձայնագրում, որը կարող է անգլալեզու երիտասարդությանը մղել համալրելու ահաբեկիչների շարքերը: Հետախուզման մեջ գտնվող Համամին, որի մայրն, ի դեպ, ամերիկուհի է, իսկ հայրը՝ սիրիացի, մինչ այժմ պահպանում է ամերիկյան քաղաքացիությունը, թեև վաղուց չի ապրում ԱՄՆ-ում: ՀԴԲ-ի տվյալներով՝ նա 2006 թվականից կապեր ունի ահաբեկիչների հետ: Այժմ Օմար Համամին համարվում է Սոմալիի «Աշ-Շաբաբ» խմբավորման գլխավոր կապավորը «Ալ-Քաիդայի» հետ: Իր մայրենի անգլերենով նա ջիհադի և իսլամի վերաբերյալ ռեփ ոճի քարոզչական երգեր է գրում,որոնցում սրբազան պատերազմի կոչեր է հնչեցնում: Ի դեպ, այդ երգերը բավական մեծ ճանաչում ունեն համացանցում:

ՀԴԲ-ի ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակում 31 հոգի կա, սակայն նրանցից 10-ն առանձնապես վտանգավորների թվում են:  NY Daily News-ի տվյալներով՝ 2011 թ. մայիսից, երբ սպանվեց բեն Լադենը, տասնյակում մի տեղ ազատ էր մնացել, և այդ տեղն այժմ զբաղեցրել է Օմար Համամին: Հատուկ ծառայությունները 2007 թվականից փնտրում են ալաբամցի ռեփ երգչին:

Նախորդ հոդվածը‘Գազայի հատվածից հրաձգության հետևանքով զոհվել է երեք իսրայելցի ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում անհայտ կորել է հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանը ‘