‘Ամեն մեկն իր «արշինով»’

1609

Մարդկությունը համեմատություններ անցկացնելու և որոշակի հաշվարկներ անելու համար ստեղծել է բազմապիսի չափման միավորներ ու ըստ դրանց էլ՝ բանաձևեր, որոնցով կարողանում է լուծել իր դեմ ծառացած խնդիրները: Առանց չափման միավորների՝ դժվար թե մարդիկ կարողանային կողմնորոշվել տարածության ու ժամանակի մեջ ու միաժամանակ՝ աշխարհին որևէ արժեքավոր ժառանգություն թողնել:  

Ի հակադրություն մարդկության բազմահազարամյա պատմության ու ստեղծած չափման միավորների՝ մինչ օրս կան մարդիկ, ովքեր ոչ թե շարժվում են գիտության կողմից ստեղծած  ու ժամանակի ընթացքում զարգացած ու հղկված չափման միավորներով, այլ ամեն ինչ չափում են իրենց «արշինով»:

«Արշինը» ինքնին բացասական չափման միավոր չէ, եթե, իհարկե, այն էլ ենք դասում չափման միավորների շարքը, սակայն միայն այդպիսի միավորով դատելն ու եզրակացություններ անելը մի փոքր կասկածելի արդյունքներ կարող է տալ:

Հիմա ենթադրենք՝ մի ճտպտան լրագրող կամ խմբագիր, հասկանալով, որ օլիգարխները տհաճություն են զգում իրենց մասին վատ լուրեր կարդալիս, որևէ օլիգարխի մասին հոդված է գրում՝ ակնկալելով, որ այդ օլիգարխը այդ հոդվածից կջղայնանա ու քայլեր կանի, որպեսզի հետագայում իր մասին այդպիսի հոդվածներ չհայտնվեն: Եթե այդ օլիգարխը դեռևս սովոր չէ նման շանտաժներին, նրա ավտոմատ ռեակցիան լինում է՝ մի «թուլափայ» գցել էդ խմբագրի  բերանը, որ այսուհետև իր մասին այդպիսի նյութեր չգրվեն:

«Թուլափայը» գցում են այդ լրագրողի բերանը, ու միառժամանակ նա լռում է՝ մինչև այն պահը, երբ ինքն իր համար նոր արդարացում է գտնում՝ նույն օլիգարխի հետ կայացած պայմանավորվածությունը խախտելու, և կրկին մի բոցաշունչ հոդված է գրում, որ ստանա իր օրվա «հացի փողը», կամ էլ այդ նույն դրամը վաստակի նշված օլիգարխի հետ հակադրության մեջ գտնվող մեկ այլ օլիգարխի կամ իշխանավորի կողմից:

Հիմա այս կերպ ապրող մարդու համար ինչպիսի՞ չափման միավոր կարող է լինել «ամբողջ աշխարհը», երբ ցանկացած արարք նա չափում է իր «արշինով»:

Եթե որևէ մեկը հայտարարում է, որ հայրենիքը փրկելու համար պատրաստ է երկխոսության գնալ օլիգարխների հետ ու կատարել բուրժուադեմոկրատական հեղափոխություն, միայն թե օլիգարխները չպաշտպանեն բռնապետական իշխանություններին, այն մարդը, ով ամբողջ կյանքում օլիգարխների հետ շփումը պատկերացրել է միայն «օրվա հաց» վաստակելու շրջանակներում, երբևէ չի հասկանա, թե ինչպես կարող են մարդիկ անշահախնդրորեն, հանուն հայրենիքի՝ օլիգարխների հետ համագործակցության եզրեր գտնել:

Կամ մարդը, ով սուտ տեղեկանքով կամ գոյություն չունեցող օրենքով ազատվել է բանակից, նա ինչպե՞ս կարող է պատկերացնել, որ կարող են լինել մարդիկ, ովքեր հնարավորություն են ունեցել բանակ չգնալ, բայց կամավոր գնացել են հայրենիքը պաշտպանելու:

Մերօրյա պաշտոնյաներն էլ երբևէ չեն պատկերացնի, որ մարդիկ կարող են ունենալ պաշտոն, ու փող չաշխատել, որ մարդիկ կարող են ունենալ հնարավորություն՝ իշխանությունների հետ համագործակցելով՝ ապահովելու իրենց բարեկեցությունը, սակայն չգնան այդ քայլին՝ հանուն իրենց սկզբունքների, որ մարդիկ կարող են հրաժարվել իրենց ունեցած պաշտոնից ու դիրքից՝ հանուն իրենց գաղափարների կամ հանուն ժողովրդավարության զարգացման:

Այս ամենը տեղավորվում է միայն մի չափման միավորի մեջ՝ «սեփական արշին», քանի որ միայն այդպիսի չափման միավոր ունեցողները կարող են աշխարհին և մարդկանց այդպիսի նեղ տեսանկյունից դիտել:

Իրենք իրենց արշինով աշխարհին նայողները երբևէ իրենց հարց չեն տալիս, իսկ ի՞նչն է մարդկանց խանգարում նույն օլիգարխների կամ նույն իշխանությունների հետ ոչ թե բաց երկխոսության գնալ, այլ բարձրաձայն հայհոյելով ու հերոս ձևանալով՝ տակից նույն իշխանություններից ու օլիգարխներից փող ու աջակցություն ստանալ:

Իրենց արշինով չափողները երբեք չեն հասկանա, որ մարդիկ կարող են  սոված լինել, ու չգնալ մուրացկանության, հիվանդ լինել, բայց առողջանալու համար օլիգարխների հիվանդանոցներում չբուժվել, զրկանքների ենթարկվել, բայց անբարոյականության չգնալ, բանտում գտնվել, բայց ընկերոջ դեմ ցուցմունք չտալ…

Սա ոչ միայն տեսակի, այլ նաև բանականության հարց է. համաշխարհային մշակույթի հետ մի փոքր շփում ունեցողները կիմանան, որ սկզբունքային մարդիկ եղել, կան ու լինելու են, և աշխարհը հենված է հենց այսպիսի տեսակի վրա, ոչ թե աշխարհը իրենց արշինով չափողների:

Միսակ Մարտինյան

Նախորդ հոդվածը‘Ռուս փորձագետ. Ուկրաինայում Արևմուտքը փորձում է պատժել Ռուսաստանին ‘
Հաջորդ հոդվածը‘Ս. Դեմիրճյան. Անհրաժեշտ է համատեղ ջանքերով, արդար ընտրությունների միջոցով հասնել օրինական իշխանության ձևավորման ‘