‘Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Օբամային ‘

932

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը հրապարակել է հայտարարություն, որով շնորհավորել է Բարաք Օբամային Միացյալ Նահանգների նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ միաժամանակ դրվատել է հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին ակտիվ եւ լավ ընտրարշավի համար, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել ամերիկահայ ընտրողներին, ովքեր նոյեմբերի 6-ին ձայն են տվել համայնքին կարեւոր հարցերում աջակցություն ցուցաբերող` դաշնային, նահանգային եւ տեղական ընտրություններում առաջադրված թեկնածուներին։

Քեն Խաչիկյանի հայտարարությունում ասվում է, որ Հայ դատը ակնկալում է համագործակցություն Օբամայի վարչակազմի, ինչպես նաեւ նորընտիր Կոնգրեսի հետ։

«Հայ դատը գոհունակություն է հայտնում այն կապակցությամբ, որ Կոնգրեսում կշարունակեն աշխատանքը հայանպաստ դիրքորոշմամբ հայտնի սենատոր Բոբ Մենենդեսը, Կոնգրեսի մեծամասնության առաջնորդ Էրիկ Քանթորը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Էդ Ռոյսը, Ֆրենկ Փալոնը եւ շատ ուրիշներ», — ասվում է Խաչիկյանի հայտարարությունում, որը տարածել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը։

Հայ դատի հանձնախումբը այս ընտրություններում շուրջ 30 նահանգում սատարել է Ներկայացուցիչների տան ավելի քան 140 թեկնածուների։

Հիշեցնենք, որ Հանձնախումբը ընտրություններին ընդառաջ հայտարարել էր, որ թեկնածուներից ոչ մեկին նախապատվություն չի տալիս: Պատճառն այն էր, որ ոչ գործող նախագահ Բարաք Օբաման, ոչ հանրապետական Միթ Ռոմնին իրենց նախընտրական ծրագրերում հայ համայնքին հուզող հարցերը չեն ներառել, ինչպես նաեւ՝ անարձագանք են թողել համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու առաջարկները: 

Նախորդ հոդվածը‘5 մարդու սպանության մեջ մեղադրվող իրավաբանը «մանիֆեստ» է հրապարակել ‘
Հաջորդ հոդվածը‘Անգլիացի գիտնական. Ձեր ղեկավարը, հնարավոր է, պարզապես փսիխոպատ է ‘