‘Ամերիկացիները պահանջում են ԱՄՆ-ից արտաքսել Ջասթին Բիբերին’

1049

Սպիտակ տան կայքում հայտնվել է  հանրագիր՝ պետիցիա, որով ԱՄՆ իշխանություններից պահանջվում է երկրից արտաքսել կանադացի երաժիշտ Ջասթին Բիբերին: Ստորագրահավաքն սկսվել է հունվարի 23-ին, և արդեն հանրագրի տակ իրենց ստորագրությունն  է դրել ավելի քան 11 հազար մարդ: Հենց նույն օրը՝ հունվարի 23-ին, կանադացի երաժիշտը հերթական սկանդալի հերոսն է դարձել. Մայամի-Բիչ առողջարանային քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Բիբերին և փողոցային ավտոարշավին մասնակցելու, անսթափ վիճակում մեքենա վարելու ու ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց տալու մեղադրանք է ներկայացրել: Ձերբակալությունից հետո Բիբերը խոստովանել է, որ ավտոարշավից առաջ ալկոհոլ է գործածել և մարիխուանա է ծխել: Քիչ անց նրան գրավի դիմաց ազատ են արձակել:

«Մենք ուզում ենք, որ վտանգավոր, ապակառուցողական, անմիտ և թմրանյութեր օգտագործող Ջասթին Բիբերն արտաքսվի, քանի որ նա ոչ միայն սպառնում է մեր ժողովրդի անվտանգությանը, այլև վատ ազդեցություն է ունենում մեր երիտասարդության վրա: Մենք ուզում ենք Ջասթին Բիբերին վտարել մեր հասարակությունից»,- ասված է պետիցիայում:

ԱՄՆ վարչակազմն իրավաբանորեն պարտավոր չէ պատասխանել հանրագրին կամ ինչ-որ միջոցներ ձեռք առնել՝ դրա ներկայացրած պահանջները կատարելու ուղղությամբ, սակայն կայքի կանոնների համաձայն՝ Սպիտակ տունը պատասխանում է բոլոր այն դիմումներին, որոնց տակ ստորագրությունների թիվը հատում է 100 հազարի շեմը, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Լյուբով Օռլովան» սպառնում է Բրիտանիային. ուրվական-նավն անկառավարելի է’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը կարող է երկարացնել Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու ժամկետը’