‘Ամերիկացին ուզում էր ամուսնանալ Ջորջ Բուշի դստեր հետ’

1308

ԱՄՆ իրավապահ մարմինները ուրբաթ երեկոյան ձերբակալել են 44-ամյա ամերիկացի Բենջամին Սմիթին, որն սպառնացել էր ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին՝ միևնույն ժամանակ նրան հայտնելով, որ մտադիր է արժանանալ նրա դստեր՝ Բարբարայի բարեհաճությանը: ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները, ովքեր պաշտպանում են պետության նախկին առաջին դեմքերին և նրանց ընտանիքի անդամներին,  Սմիթին ձերբակալել են Նյու Յորքում՝ Մանհեթենի շրջանում կայանած ավտոմեքենայում՝ լիցքավորված ատրճանակով, մաչետեով և մի կանիստր բենզինով:

Սմիթին սկսել են հետևել հինգշաբթի օրվանից՝ նրա մոր զանգից հետո: Վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ տանը գտել է որդու երկտողը, որում նա հայտնում է, թե մեկնում է «աշխատելու Ջորջ Բուշ-կրտսերի և Պենտագոնի համար»: «Ես պետք է սպանեմ վիշապին, և այդ ժամանակ Բարբարա Բուշն իմը կլինի»,- գրված է եղել ուղերձում:

Անվտանգության ծառայության աշխատակիցները Սմիթին հետևել են բջջային հեռախոսի օգնությամբ: Թե ինչու է Սմիթը որոշել մեկնել հենց Նյու Յորք, և թե որտեղ է եղել այդ ժամանակ Բուշի ընտանիքը՝ չի հաղորդվում: Ձերբակալման պահին Սմիթը, որին պետության նախկին ղեկավարին սպառնալու մեղադրանք է ներկայացվել, բացականչել է. «Բուշը կստանա իր պատիժը»: Ինչպես հաղորդել է ИТАР-ТАСС-ը, ձերբակալությունից հետո Սմիթն ուղղկիորեն չի ասել, թե որոնք են իր արարքի պատճառները, սակայն հաստատել է, որ ներկա պահին ցանկանում է «հարաբերությունները դասավորել Բարաբարա Բուշի հետ»: Նյու Յորքում կայացած նախնական լսումների ընթացքում դատախազը համոզմունք է հայտնել, որ երկտողում խոսքը վերաբերում է ԱՄՆ նախկին նախագահի դստերը՝ 32-ամյա Բարբարա Փիրս Բուշին, այլ ոչ թե նրա մորը, որը նույն անունն է կրում, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ցողունային բջիջների ստացման նոր եղանակ է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայում պատրաստվում են Բարաք Օբամայի այցին’