‘Ամերիկացի դիվանագետ. Բոլոր երկրները իրավունք ունեն ընտրել տնտեսական ինտեգրման սեփական ճանապարհը’

854

Բոլոր երկրները իրավունք ունեն ընտրել տնտեսական ինտեգրման և զարգացման սեփական ճանապարհը՝ համաձայն իրենց ազգային շահերի: «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակից Ռիչարդ Սոլաշին այդ մասին ասել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնյան, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:

Մեկնաբանելով Մաքսային միությանը անդամակցելու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու՝ Հայաստանի որոշման մասին Սերժ Սարգսյանի՝ Նովո Օգարյովոյում արած հայտարարությունը՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյան նաև ընդգծել է․  «Ոչ մի երկիր իրավունք չունի որոշել այլ երկրի քաղաքական և տնտեսական կողմնորոշումը, ոչ էլ որոշել, թե ինչ դաշինքների և առևտրական համաձայնագրերի այն կարող է միանալ»:

«Մեզ քաջալերում էր Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ  բանակցությունների ավարտը, քանի որ այն կնպաստեր Հայաստանի արդիականացմանը և բարեփոխմանը», — շարունակել է ամերիկացի դիվանագետը:

Ընդգծելով, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, որն ինքը պետք է որոշի իր ուղեգիծը, պետդեպարտամենտի պաշտոնյան ավելացրել է․  «Այս որոշումները կենսական կարևորություն ունեն, և դրանք հայաստանցիների ու Հայաստանի որոշելիք հարցն են»:

«Մենք խրախուսում ենք Հայաստանին հավատարիմ մնալ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում իր մի շարք հանձնառություններին և ամենակարևորը՝ իր նվիրվածությանը հետագա ժողովրդավարացմանը, քաղաքական և տնտեսական բարեփոխումներին և եվրոպական ինտեգրացիային», — ամփոփել է ամերիկացի դիվանագետը:

Նախորդ հոդվածը‘Կարո Եղնուկյանի նկարով պաստառը քրեական հանցագործություն է. Նախախորհրդարան’
Հաջորդ հոդվածը‘Հանուն անկախության կամ նորից դեպի Հրապարակ’