‘Ամերիկացի համանախագահ. «Ժամանակն է բանակցություններ սկսել, որոնք կհանգեցնեն խաղաղության հաստատման»’

922

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի  համանախագահ Ջեյմս Ուորլիքը, պատասխանելով APA-ի հարցերին՝ կապված հայ-ադրբեջանական սահմանում և զորքերի շփման գծում իրավիճակի սրման հետ, ցավակցություն է հայտնել զոհված զինվորականների ընտանիքներին և ընդգծել է, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:

«Առաջին հերթին՝ թույլ տվեք ցավակցություններս հայտնել բռնությունների վերջին դեպքերի ժամանակ զոհված զինվորականների ընտանիքներին: Ես անչափ մտահոգված եմ զորքերի շփման գծում մեծաթիվ զոհերի մասին հաղորդումների առիթով: Այդ միջադեպերը հարված են հասցնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, և ես կողմերին կոչ եմ անում բոլոր միջոցները ձեռք առնել՝ կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու համար»:

Ջեյմս Ուորլիքն ընդգծել է, որ համանախագահներն ակտիվորեն համագործակցում են կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: «Մինսկի խումբը մնում է միջնորդության միակ ընդունված ձևաչափը երկու կողմերից: Մենք կշարունակենք մեր հաճախակի այցերը տարածաշրջան, ինչպես նաև՝ փոխհամագործակցությունը բարձր մակարդակով՝ հանուն հակամարտության տևական կարգավորման: Հուսով եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն հանդիպել  առաջիկայում և քննարկել առանցքային հարցերը: Ժամանակն է սկսելու բանակցությունները, որոնք կհանգեցնեն խաղաղության: Եթե կողմերն իսկապես ուզում են լուծել հակամարտությունը, նրանք պետք է ընդունեն Շվեյցարիայի առաջարկը՝ համանախագահների հետ կառուցողական բանակցային գործընթաց սկսելու համար», նշել է Ուորլիքը:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ում Ամերիկայի դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել սահմանային շրջաններ այցելելուց’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է գերմանացի պատգամավորների հետ’