‘Ամերիկացի փորձագետներ. Sony Pictures-ը գրոհել են հյուսիսկորեական ցանցահենները’

1024

Աննախադեպ կիբեռհարձակման արդյունքում Sony Pictures-ը չեղյալ է հայտարարել արդեն բավական աղմուկ հանած երգիծական «Հարցազրույց» կինոնկարի՝ դեկտեմբերի 25-ին նախատեսված պրեմիերան:

Սեթ Ռոգենի ֆիլմը պատմում է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի դեմ մահափորձի մասին, որը կազմակերպել է ԿՀՎ-ն՝ հայտնի հեռուստալրագրողի օգնությամբ:

Ամերիկյան փորձագետների կարծիքով՝ Sony Pictures-ի վրա գրոհի ետևում կանգանած են հյուսիսկորեական «Բյուրո 121» կիբեռստորաբաժանման մասնագետները:  «Բյուրո 121«-ը Հետախուզության գլխավոր բյուրոյի՝ լրտեսությամբ զբաղվող էլիտար ռազմական կառույցի մի մասն է:

Հյուսիսկորեական ռազմական քոլեջի նախկին մի ուսանող, որ վեց տարի առաջ փախել է հարավ, տեղեկացրել է, որ «Բյուրո 121»-ում ընդգրկված են 1800 կիբեռգրոհայիններ, որոնք մանրակրկիտ կերպով ընտրվում են և ուսուցանվում 17 տարեկանից: «Հյուսիսային Կորեայում դա անվանում են գաղտնի պատերազմ,- պատմել է նախկին ուսանողը:- «Բյուրո-121»-ի մասնագետները կարող են թշնամուն այնպես ոչնչացնել, որ ոչ ոք գլխի չի ընկնի, թե դա ով է արել: Այն ընկերությունները, որտեղ նրանք աշխատում են, բիզնես են  անում արտասահմանում, իսկ այդ մարդիկ էլ ամենասովորական գործարարների նման են, ահա թե ինչն է սարսափելի»:

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ի կիբեռգրոհը հիշեցնում է անցյալ տարի Հարավային Կորեայի բանկերի և ԶԼՄ-ների վրա կատարված գրոհը, որը նույնպես ԿԺԴՀ-ին էին վերագրում: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայում ութ երեխաների սպանության մեջ կասկածվում է վերջիններիս մայրը’
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիա» 10-րդ պարտությունը կրեց (տեսանյութ)’