‘Ամերիկացի և եվրոպացի հրահանգիչները սիրիացի գրոհայիններին մարզում են Հորդանանում’

803

ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից ժամանած ռազմական հրահանգիչները սիրիական ընդդիմության գրոհայիններին մարզում են Հորդանանի ռազմակայաններում: Այդ մասին այսօր տեղեկացրել է Times թերթը՝ հղում անելով մերձավորարևելյան տարածաշրջանում գործող դիվանագետների և հատուկ ծառայությունների աշխատակիցների հայտարարություններին: Թերթի տվյալներով՝ ամերիկացի և եվրոպացի հրահանգիչները մարզում են ընդդիմության այն զորամիավորումները, որոնք առնչություն չունեն «Ալ-Քաիդայի» ճյուղավորումներից մեկը համարվող «Ջաբհաթ ան-Նուսրա» շարժման հետ: Պարբերականը հաղորդում է, որ սիրիական ընդդիմության գրոհայինների վարժանքները համակարգվում են Իսրայելի հետ, որը մտավախություն ունի, թե սիրիացի արմատականները կարող են իրենց ստացած ռազմական փորձն ու զենքն օգտագործել  իր դեմ: «Հորդանանի մայրաքաղաք Ամմանում գործող դիվանագետն ընդգծել է, որ գրոհայիններին ուսուցանում են՝ ինչպես վնասազերծել սիրիական բանակի զինանոցի քիմիական զենքը, այլ ոչ թե՝ ինչպես այն կիրառել,- գրում է բրիտանական թերթը և հավելում:- Ենթադրվում է, որ բրիտանացի զինվորականները նույնպես մասնակցում են սիրիացի գրոհայինների ուսուցմանը, սակայն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հերքել է դա»,- հաղորդում է ИТАР-ТАСС –ը:

Նախորդ հոդվածը‘«Ով կմտածեր, որ էս աշխարհում, կան գարնան առավոտը ավերողներ»’
Հաջորդ հոդվածը‘Առավոտյան հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում ‘