‘Ամերիկա-իրանական հարաբերություններում, հնարավոր է՝ առաջխաղացում լինի’

788

The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկյան իշխանական աղբյուրներին, նշում է, որ երկարատև բանակցությունները Իրանի հետ վերջապես տալիս են իրենց առաջին պտուղները: The Wall Street Journal-ը մասնավորապես նշում է, որ առաջին համաձայնագիրը, հնարավոր է, ստորագրվի մյուս շաբաթ: Այդ համաձայնագրի շրջանակներում Իրանը կկանգնեցնի իր միջուկային ծրագիրը 6 ամսով, ինչի դիմաց կթուլացվեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Արևմուտքը պատրաստվում է Իրանին առաջարկել ապասառեցնել արտասահմանում ունեցած բանկային ակտիվները՝ միջուկային ծրագրի սառեցման պարագայում: Դա թույլ լտա Իրանին ստանալ նավթի վաճառքից գոյացած գումարները Ճապոնիայից, Հնդկաստանից և Չինաստանից: Եվրոպական և ասիական բանկերում գտնվող այդ գումարը կազմում է 50 միլիարդ դոլար:
Նման քայլը կարող է լրջագույն ազդեցություն ունենալ երկու կողմերի միջև վստահության մթնոլորտ ձևավորելու հարցում:

Այդ համաձայնությունը երկու կողմերին նաև ժամանակ կտա միմյանց հետ  բազմաթիվ հարցեր քննարկելու համար, և վերջապես հնարավորություն կտա դուրս գալ հակամարտությունից, որը տևում է ավելի քան 10 տարի, հայտնում է mignews.com լրատվական կայքը:. 
Չնայած այդ համաձայնագրի դրական կողմերին՝ այդ համաձայնագրին շատերն են ընդդիմանում:

Այդ համաձայնագրի ընդունմանը ընդդիմանում է Կոնգրեսը, իսկ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցները այդ համաձայնագրին անվստահությամբ են վերաբերվում, ավելին, պահանջում են նոր պատժամիջոցներ մտցնել Իրանի դեմ:
Եթե Իրանը ձգձգի համաձայնագրի ընդունումը, Օբամայի վարչակազմը ստիպված կլինի հետևել Կոնգրեսի տեսակետին: 

Նախորդ հոդվածը‘ԵՀԽ-ն բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլի. Վիլնյուսի գագաթնաժողովին կմեկնի նոր նախագահը’