‘Ամերիկյան լրագիր. ԱՄՆ-ն ամուր կանգնած է Թուրքիայի և Ադրբեջանի մեջքին’

1136

Վերջին ամիսներին Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ակտիվությունը կտրուկ աճել է, ասված է Stratfor ընկերության վերլուծական հոդվածում:

Այնուամենայնիվ, հոդվածում նշվում է, որ հակամարտության կարգավորումն ուշանում է տարածաշրջանային որոշ խաղացողների` ի դեմս Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից ներգրաված լինելու պատճառով: «Ուկրաինայի շուրջ ԱՄՆ և Ռուսաստանի հակադրությունը դեռ շարունակվում է, իսկ նման հակադրության թեմա գոյություն ունի նաև Կովկասում, որն իր կարևորությամբ չի զիջում երկու գերտերությունների միջև Ուկրաինայի հետ կապված մրցակցությանը»,-նշում են ամերիկացի փորձագետները:

Հեղինակները հիշեցնում են, որ ներկայումս հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտող երկրները պատերազմի ընթացքում իրականացնում էին բավականին հակասական գործողություններ՝ միաժամանակ զինելով հակամարտող երկու կողմերին, ապահովելով նրանց վարձկաններով: «Պաշտոնական Մոսկվան պատերազմի ընթացքում աջակցում էր Երևանին, իսկ երբ հայկական կողմի առավելությունը հակառակորդի նկատմամբ դարձավ ակնհայտ, Թուրքիան և Իրանն ավելացրին Ադրբեջանին տրամադրվող օգնությունը»:

Ամերիկացի վերլուծաբանները գտնում են, որ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը, չնայած իր միջնորդական դերին, հետաքրքրված է ստատուս-քվոն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև թշնամությունը պահպանելու մեջ: Այնուհետև հոդվածում նշվում է, որ Բաքվին զսպում է ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, որը, չնայած պարբերաբար հայտարարում է, որ ուժով կվերադարձնի Լեռնային Ղարաբաղը, այնուամենայնիվ, հնարավորություն չունի դիմակայելու ռուսական զինուժին:

Սակայն, հոդվածում ասվում է, որ Ադրբեջանը շարունակում է ավելի մեծ կշիռ ձեռք բերել Ռուսաստանի համար: «Այդ երկիրը լուրջ այլընտրանք է դարձել Եվրոպային էներգիայով ապահովելու հարցում, ինչպես նաև ամրապնդել է քաղաքական և տնտեսական կապերը Թուրքիայի, Իսրայելի և ԱՄՆ հետ: Արդյունքում, Բաքուն ավելի մեծ լծակներ է ձեռք բերել Մոսկվայի հետ բանակցելու առումով, հետևաբար, չի բացառվում, որ Հայաստանին պաշտպանող Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության հարցում կփոխի իր դիրքորոշումը»:

Եզրափակելով զեկույցը՝ հեղինակները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, այնուամենայնիվ, ամբողջովին Մոսկվայից չի կախված, քանի որ կա նաև Թուրքիան, որն այդքան ուժեղ չի, բայց վայելում է ԱՄՆ աջակցությունը: «ԱՄՆ ամուր կանգնած է Թուրքիայի և Ադրբեջանի մեջքին, ինչը կարող է հակամարտությանը տալ մեկ այլ քաղաքական լուծում»: 

Նախորդ հոդվածը‘Թուրք ռեժիսոր. Հասարակ մարդիկ սարսափելի են նրանով, որ կարող են հոգու խորքում պահպանել սարսափելի պատմություններ’
Հաջորդ հոդվածը‘«Բազմակի օգտագործված» Արթուր Բաղդասարյանը (ԱԽՔ)՝ ըստ ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերի’