‘Ամերիկյան հեռուստաալիքները հայտարարել են Օբամայի հաղթանակը ‘

966

ԱՄՆ նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Օբաման կարողացել է ստանալ ընտրողների կոլեգիայի ձայների մեծամասնությունը՝  դրանով իսկ ապահովելով  ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու հնարավորությունը:

Ըստ CNN-ի, Fox News-ի, ABC News-ի և CBS News-ի բերած տվյալների՝ ընտրողների քվեների թվով դեմոկրատ Օբամայից մի փոքր առաջ է անցել նրա հիմնական մրցակիցը՝ հանրապետական Միթ Ռոմնին, սակայն ընտրությունների ելքի համար կարևոր է ուժերի դասավորությունը հենց ընտրողների կոլեգիայիում: Հաղթանակի համար հարկավոր է հաղթահարել 270 քվեի շեմը:

Ինչ վերաբերում է Կոնգրեսի ընտրություններին, որոնք կայացան նախագահականի հետ միևնույն օրը, ապա այստեղ հանրապետականներն ու դեմոկրատները կարողացան պահպանել իրենց նախկին դիրքերը. ըստ նախնական տվյալների՝ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է պահպանում Ներկայացուցիչների պալատում, իսկ Սենատում, նախկինի պես, մեծամասնություն են կազմում դեմոկրատները:

AP գործակալության հաղորդման համաձայն՝ Միթ Ռոմնին արդեն ընդունել է իր պարտությունը: Բարաք Օբամայի օգնականներից մեկը հայտարարել է, որ Ռոմնին զանգահարել է գործող նախագահին և շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ: Ավելի ուշ Fox հեռուստաալիքը ցուցադրել է Ռոմնիի ելույթը, որում նա ընդունել է իր պարտությունը և շնորհակալություն հայտնել համակիրներին ու հարազատներին՝ ընտրապայքարում իրեն աջակցելու համար:

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, որը հավաքում է ընտրողների կոլեգիայի 538 ձայներից առնվազն 270-ը:  Ըստ РИА Новости-ի՝ ժամը 8.30-ի դրությամբ՝ Օբաման ստացել էր 290 ձայն, իսկ Ռոմնին՝ ընդամենը 201:

Նախորդ հոդվածը‘Հանձնաժողովը սկսում է իր աշխատանքը ‘
Հաջորդ հոդվածը‘Բաղդադում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել ‘