‘Ամերիկյան փորձագետները հայտնել են Մարսը նվաճելու ժամկետները’

1174

Մոլորակային ընկերության փորձագետները ապրիլի 2-ի նիստում հայտնել են այն ժամկետները, երբ մարդը կարող է յուրացնել Մարսը: Նիստի նյութերը կազմակերպիչները խոստացել են հրապարակել ավելի ուշ, սակայն NY City Times-ը հակիրճ ծանոթացնում է դրանց:

Փորձագետների կարծիքով՝ Մարսի ուղեծրին աստղագնացները կարող են հասնել 2033 թվականին, իսկ 2039-ին նրանք առաջին վայրէջքը կկատարեն մոլորակի մակերևույթին: Ինչպես նշում են մասնագետները, 2015 թվականից մինչև 2033-ը՝ 18 տարվա ընթացքում, ԱՄՆ-ում կարող է փոփոխվել առնվազն երեք վարչակարգ, և փորձագետները չէին ուզենա, որ դա փոփոխություններ մտցնի ԱՄՆ տիեզերական քաղաքականության մեջ:

Նաև գիտնականները մտահոգված են Մարսում ուղեծրային առաքելության նպատակահարմարությամբ: Նրանց կարծիքով՝ թռիչքի երկարատևության և ուժեղ ճառագայթման պատճառով իմաստ չունի երկարաձգել ուղեծրում նրանց գտնվելը, այլ շատ ավելի խելամիտ է նրանց իջեցնել Մարսի վրա, որտեղ մարդիկ կմնան, ամենայն հավանականությամբ, մեկ ամսից շատ ավելի:

Որոշ գիտնականներ նշել են տիեզերքի յուրացման հարցում Չինաստանի գրանցած առաջընթացը: Թեպետ 1990-ականների առաջին կեսին ՆԱՍԱ-ն արդյունաբերական լրտեսության համար արգելափակել էր Չինաստանի մասնակցությունը Միջազգային տիեզերական կայանի ծրագրին, երկիրը մինչև 2022 թ. նախատեսում է ավարտին հասցնել ազգային ուղեծրային կայանի ստեղծումը:

 Ոչ կառավարական Մոլորակային ընկերությունը հիմնադրվել է 1980 թ. Կառլ Սագանի, Լուիս Ֆրիդմանի և Բրյուս Մյուռենի կողմից: Այն զբաղվում է  տիեզերքի ուսումնասիրության աջակցությամբ և հանրայնացմամբ, տրանսպորտային միջոցների և տիեզերական քաղաքականության ստեղծմամբ: Ներկա պահին ընկերության անդամների թիվը հասնում է մոտավորապես 40 հազարի: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Instagram-ի ամենատարեց աստղը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Չինացի Կազանովան բացահայտվել է, երբ ավտովթարի է ենթարկվել’