‘ԱՄԷ-ի դատարանը մեղավոր է ճանաչել պետական հեղաշրջման մեջ կասկածվողներին’

730

ԱՄԷ պետանվտանգության դատարանը մեղավոր է ճանաչել երկրի 64 քաղաքացիների, ովքեր մեղադրվում էին ընդհատակյա կազմակերպություն ստեղծելու և երկրում պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ, այսօր հաղորդել է Աբու-Դաբիի հեռուստատեսությունը: Մեղադրյալները դատապարտվել են 7-ից 15 տարվա ազատազրկման: Եւս 25 ամբաստանյալներ արդարացվել են:

Մեղադրյալի աթոռին հայտնվել էր,ընդհանուր առմամբ՝ առնվազն 90 մարդ՝ դատավորներ, գիտնականներ, հասարակական և երիտասարդական առաջնորդներ, այդ թվում՝ 12 կին: Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալները ստեղծել և մի քանի տարի շարունակ զարգացրել են ընդհատակյա մի կազմակերպություն, որն իր գաղափարախոսությամբ մոտ է «Մուսուլման եղբայրներին», որի կողմնակիցներն իշխանության են եկել Եգիպտոսում, ինչպես նաև՝ «արաբական գարնան» արդյունքում իրենց դիրքերն ամրապնդել են տարածաշրջանի մի քանի այլ պետություններում: Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ կազմակերպությունը նպատակ է ունեցել տապալելու իշխող վարչակարգը և նախապատրաստելու իշխանության զավթումը: ԱՄԷ-ի գլխավոր դատախազության տվյալներով՝ կազմակերպությունը գործել է կրոնական-լուսավորչական և բարեգործական «Ալ-Իսլահ» ընկերության հովանու ներքո: Նրա անդամները հանդիպումներ են կազմակերպել մասնավոր տներում՝ հատուկ ծառայությունների ուշադրությունը շեղելու նպատակով: Քննիչների տվյալներով՝ ձերբակալվածները պլան են մշակել՝ իշխանության նկատմամբ արհեստականորեն դժգոհություն սերմանել քաղաքացիների շրջանում՝ այդ նպատակով օգտագործելով ԶԼՄ-ները և սոցցանցերը: Դատապարտյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել, փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Մահմուդ Ահմադինեժադ. Իրանը միջուկային զենքի կարիք չունի’
Հաջորդ հոդվածը‘Զինդատախազությունը կուսումնասիրի զինված ուժերում մահվան դեպքերը’