‘ԱՄՀ ներկայացուցիչը՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մասին. Շատ ավելին կարելի էր անել’

1308

Հիմնականում, կառավարության կողմից օլիգոպոլիաների դեմ պայքարին ուղղված ջանքերի շրջանակում, զգալիորեն ուժեղացել են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավասությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում կառավարության պայքարը օլիգոպոլիաների դեմ:

«Առաջիկա ամիսներին կառավարությանը կներկայացվի օրենքի նոր նախագիծ, որը նախատեսվում է, որ կհաստատվի և ավելի կամրապնդի այն հնարավորությունները, որոնք տրվում են հանձնաժողովին, սակայն սա բավարար չէ, քանի որ այդ փոփոխությունների արդյունքում մենք դեռ զգալի փոփոխություն կամ վերափոխումներ չենք տեսել շուկաների կառուցվածքում: Կան որոշ գործելակերպեր, որոնք կարող են արդարացի հարաբերություններ ստեղծել շուկայի որոշ խաղացողների համար»,- նշեց Տոլոսան:

Անդրադառնալով հարկեր-ՀՆԱ հարաբերակցությանը՝ ԱՄՀ ներկայացուցիչն ասաց, թե ակնկալվում է, որ այդ հարաբերակցությունը կաճի 0,6 տոկոսով, որը բավականին մեծ ցուցանիշ է՝ նախորդ տարիներին Հայաստանի արձանագրած ցուցնաիշների համեմատ:

«Հարկային եկամուտների ավելացման հարցում Հայաստանին չենք կարողացել օգնել ու մեր զեկույցում գիտակցում ենք, որ դա նաև մեր ձախողումն է: Զգալի տեղ կա բարելավման, քանի որ հարաբերակցության ցուցանիշով Հայաստանը հետ է մնում հարևան երկրներից: Հաջորդ տարվա բյուջեում նախատեսվում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության աճ, կարծում ենք՝ շատ ավելին կարելի էր անել, այն կարող է 4-8 տոկոսով բարձր լինել ներկա մակարդակից»,- ասաց Տոլոսան ու համեմատության համար նշեց, որ Վրաստանում մոտ 8 տոկոսով բարձր է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանի ցուցանիշից:

Նախորդ հոդվածը‘Աբաշիձե. Վրաստանը Ռուսաստանից ակնկալում է վիզաների վերացում’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում բավականին տհաճ զրույց է ունեցել բողոքի ակցիայի մասնակիցների հետ (տեսանյութ)’