‘ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույց. ԼՂ շուրջ լարվածությունը կարող է վերաճել մարտական գործողությունների’

1890

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ԱՄՆ-ի Ազգային հետախուզության «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018 թվականի զեկույցը հնարավոր է համարում, որ Ղարաբաղի շուրջ լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է վերաճել լայնածավալ ռազմական հակամարտության, որտեղ Ռուսաստանը հնարավոր է աջակցի տարածաշրջանային դաշնակցին:

«Երկու կողմերի փոխզիջումների չգնալը, ներքին ճնշումների ուժգնացումը, Ադրբեջանի ռազմական ուժի կայուն արդիականացումը եւ Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինությունների ձեռքբերումը 2018-ին լայնածավալ ռազմական գործողությունների ռիսկեր են ստեղծում»,- նշված է զեկույցում:

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների՝ Կենտրոնական հետախուզական վարչության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ Ազգային անվտանգության գործակալության ղեկավարները փետրվարի 13-ին մասնակցել են Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի լսումներին:

Այդ լսումներին հետախուզական ծառայությունների ղեկավարները զգուշացրել են, որ Ռուսաստանը կփորձի հաքերային հարձակումների, քարոզչության եւ մարտավարական այլ մեթոդներով միջամտել ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ եվրոպական մի շարք երկրների առաջիկա ընտրություններին:

 

Նախորդ հոդվածը‘Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածից զոհվել են ռուսաստանցի վարձկաններ’
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Կոնգրեսը մարտի 1-ի դատին հետամուտ է լինելու մինչև վերջ ‘