‘ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է’

1160

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը նախազգուշացրել է Հայաստանի կառավարությանը և գործարարներին հնարավոր ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում:

Միացյալ Նահանգների դեսպանատան հաղորդագրությունում ասվում է․ «Մենք բոլոր պետություններին ու նրանց ռեզիդենտներին հորդորում ենք հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկը, որ կառաջանա  պատժամիջոցների ենթարկված անձանց ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր և մյուսների կողմից առաջ քաշված պատժամիջոցներին: Ինչպես աշխարհի այլ երկրներում գործող ԱՄՆ դեսպանությունները, այնպես էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը վերջին պատժամիջոցների մասին տեղեկությունները փոխանցել է տեղի կառավարության ներկայացուցիչներին ու ընկերություններին:

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտության, Ղրիմի բռնակցման ու Ուկրաինային ինքնիշխանության նկատմամբ շարունակվող ոտնձգությունների հետ կապված՝ հուլիսի 16-ին Միացյալ Նահանգները 13662 նախագահական հրամանագրով որոշակի պատժամիջոցներ է սահմանել ռուսական ութ ռազմարդյունաբերական ընկերությունների, երկու ֆինանսական կառույցների, երկու էներգետիկ ընկերությունների և մի խումբ ռուսական պաշտոնյաների ու ուկրաինական անջատողականների նկատմամբ: Այս քայլը ձեռնարկելուց առաջ Միացյալ Նահանգները բազմաթիվ հանդիպումներ է ունեցել՝ դրանք սերտորեն համակարգելով մեր շատ գործընկերների, այդ թվում ԵՄ-ի ու Յոթնյակի գործընկերների հետ, ովքեր նույնպես մատնանշել են անձանց, ովքեր պատասխանատու են արևելյան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար»:

Պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունները, որոնք ներգրավված են Հայաստանում, «Գազպրոմբանկ»-ն ու ՎՏԲ-ն են: Նշված երկու բանկերին են պատկանում, համապատասխանաբար, «Առէկսիմբանկ»-ը և «ՎՏԲ-Հայաստան» բանկը: «Ռոսնեֆտ» ընկերություն էլ պատրաստակամություն էր հայտնել ներդրումներ կատարել «Նաիրիտում»:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ընկերոջ ընկերության պատճառով ՀԷՑ-ը տուգանվել է 15 միլիոն դրամով ‘
Հաջորդ հոդվածը‘Հաստատվել են ջրային տարածքներում որսի չափաքանակները’