‘ԱՄՆ դեսպան. «Ուկրաինայի եվրաինտեգրացման հարցն արգելակելու՝ Ռուսաստանի փորձերն անընդունելի են»’

685

«Ուկրաինական ճշմարտություն» թերթին տված հարցազրույցում Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայետը, երեկ անդրադառնալով Վիլնյուսում Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման մտադրության  կապակցությամբ Ուկրաինայի վրա Ռուսաստանից գործադրվող ճնշումներին, հայտարարել է. «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա գործադրվող ճնշումների հարցում մենք համերաշխ ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, որոնք հայտարարել են, որ պարզապես անընդունելի են Ուկրաինայի եվրաինտեգրացման հարցն արգելակելու՝ Ռուսաստանի փորձերը»:

Միացյալ Նահանգների դեսպանը նաև նշել է, որ նրան ապշեցրել է, թե ինչպես է ուկրաինական հասարակությունը վերջերս համախմբվել «եվրոպական հարցի» շուրջ:

«Ամենաուժեղ տպավորություններիցս մեկն այն կոնսենսուսն է, որը ձևավորվել է ուկրաինական հասարակությունում՝ եվրոպական հարցի կապակցությամբ: Քաղաքական գործիչների, առաջատար գործարարների, կրոնական առաջնորդների, քաղաքացիական հասարակության և պարզապես շարքային քաղաքացիների շրջանում կա համաձայնություն: Այս հասարակական համաձայնությունը կլինի գրավականն այն բանի, որ դրսից դրան միջամտելու ցանկացած փորձ դատապարտված կլինի»,- հայտարարել է ԱՄՆ դեսպանը:

Նախորդ հոդվածը‘Ռուսական օնլայն-պարբերականները, ի պաշտպանություն գործընկերոջը, հրաժարվել են լուսանկարներից’
Հաջորդ հոդվածը‘Դատավորը կոկաինի տերևի օգնությամբ Բոլիվիայի նախագահին նոր ժամկետ է գուշակել’