‘ԱՄՆ դիվանագետները ցնցված են Վրաստանում հայտնաբերված՝ խոշտանգումների տեսագրություններից’

1079

Վրաստանի ՆԳՆ ղեկավարը նախօրեին ամերիկյան դիվանագետներին է ներկայացրել խոշտանգումների և սեռական բռնության տեսագրությունները, որոնք ավելի վաղ հայտնաբերվել էին Սամեգրելո շրջանում, ենթադրաբար՝ Վրաստանի ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների սարքած գաղտնարաններում:

Վրաստանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Բրիջիթ Բրինքն այսօր լրագրողներին հայտարարել է, թե ինքը և դեսպան Ռիչարդ Նորլանդը ցնցված են կտտանքների տեսարաններից, և հույս է հայտնել, որ այդ գործով հետաքննությունը կտարվի մինչև վերջ, ու բոլոր մեղավորներն արժանի պատիժ կստանան:

Վրաստանի ՆԳՆ-ն պնդում է, որ գաղտնարաններն ստեղծվել են նախորդ իշխանությունների օրոք, նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, և այնտեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք, թմրանյութեր, ինչպես նաև՝ տվյալների արխիվ ընդդիմադիր տրամադրված անձանց վերաբերյալ, որոնց նախատեսված էր ձերբակալել, եթե 2012 թ.  խորհրդարանական ընտրություններում հաղթեր իշխանամետ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Հայտնաբերվել էին նաև վերոհիշյալ տեսագրությունները՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից մարդկանց նկատմամբ կիրառվող խոշտանգումների և սեռական բռնության տեսարաններով: Վրաստանի ՆԳ նախարար  Իրակլի Գարիբաշվիլին հայտնել է, որ այս գործով ձերբակալվել է ինը մարդ, հաղորդում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը հաստատեց պաշտոնական ատկատը’
Հաջորդ հոդվածը‘Յոժեֆ Սաբո. Եթե Մխիթարյանը ցանկանում է, ուրեմն պետք է նրան բաց թողնել’