‘ԱՄՆ-ը դիմել է Ռուսաստանին՝ Սնոուդենին հանձնելու խնդրանքով’

826

ԱՄՆ իշխանությունները ակնկալում են, որ ռուսաստանյան կողմը կհանձնի ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին, որն այսօր ցերեկը Մոսկվայից թռչելու է Հավանա, հաղորդել է Reuters-ը: Սպիտակ տունն իր դիվանագիտական խողովակներով նաև իր դժգոհությունն է արտահայտել Հոնկոնգի և Չինաստանի իշխանություններին, որոնք Սնոուդենին թույլ են տվել հեռանալ երկրից՝ չնայած նրա արտահանձնման վերաբերյալ պաշտոնական դիմումի առկայությանը:

Էդուարդ Սնոուդենը հունիսի 23-ին Հոնկոնգից Մոսկվա է ժամանել WikiLeaks-ի ներկայացուցիչների «իրավաբանական» ուղեկցությամբ: Վայրէջքից անմիջապես հետո նա օդանավակայանում հանդիպել է Էկվադորի դեսպանատան աշխատակիցների հետ, որոնց փոխանցել է քաղաքական ապաստան հայցելու խնդրանքը: Ավելի վաղ նա WikiLeaks-ի ներկայացուցիչների միջնորդությամբ ոչ պաշտոնապես ապաստան էր խնդրել Իսլանդիայի իշխանություններից, սակայն առայժմ պատասխան չի ստացվել:

ԱՄՆ-ում Սնոուդենին հեռակա մեղադրանքներ են առաջադրվել մի քանի հոդվածներով, մասնավորապես՝ լրտեսության և պետական ունեցվածքի յուրացման: 2013 թ. հունիսի սկզբին Սնոուդենը, որ մինչև 2009 թ. աշխատել է ԿՀՎ-ում, լրագրողներին էր հանձնել նյութեր PRISM գաղտնի ծրագրի վերաբերյալ, որը հատուկ ծառայություններին հնարավորություն է տալիս զանգվածաբար լրտեսել համացանցային շփումները և գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները: Հենց իր՝ Սնոուդենի ցանկությամբ՝ ԶԼՄ-ները բացահայտել էին նրա անձը և կենսագրությունը, որպեսզի հաստատեն տեղեկատվության ճշմարտացիությունը: Այն պահին, երբ Սնոուդենի անունը հայտնվեց թերթերում, նա արդեն Հոնկոնգում էր, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տաշիրի Կարենի նախագահական երազները՝ քնած եւ արթմնի ‘
Հաջորդ հոդվածը‘Տնտեսագետ. Վաճառելով իր մասնաբաժինը՝ կառավարությունը պետք է հիմնավորի, որ ինքը վատ կառավարիչ է’