‘ԱՄՆ-ը զորքերը կմտցնի Ադրբեջան’

923

Հյուսիսատլանտյան դաշինքը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ Աֆղանստանից զորքերը դուրս բերելուց հետո այդ երկրի տարածքն օգտագործելու վերաբերյալ: Այս մասին, Росбалт-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի գծով համակարգող սպա Ուիլյամ Լահուան:  Վերջինս ասել է, որ ընթացող բանակցությունների օրակարգում է Աֆղանստանից զորքերի, այդ թվում՝ նաև ադրբեջանական քանակակազմի դուրսբերումը 2014 թ. հետո, որը պետք է դառնա Անվտանգության աջակցության միջազգային ուժերի ընթացիկ առաքելության եզրափակիչ տարին, հաղորդում է CA-News-ը: «Ադրբեջանն այդ գործընթացի մասն է կազմում, քանի որ այդ երկիրն իր դիրքով Աֆղանստանից դուրս բերվող զորքերի տեղակայման ամենահավանական երկիրն է,- նշել է համակարգող սպան:- Ուստի Ադրբեջանը կարող է դառնալ կարևոր օղակ զինված ուժերի՝ Աֆղանստանից Եվրոպա վերադարձի հարցում»:

Փորձագետները հիմքեր ունեն ենթադրելու, թե Ադրբեջանը, որ ակտիվորեն միլիարդավոր դոլարների չափերով սպառազինվում է Իսրայելի կողմից, չի մերժի ԱՄՆ-ին. ակնհայտորեն՝ խոսքը Իրանին հարված հասցնելու պլացդարմի նախապատրաստմանն է վերաբերում: Ադրբեջանում տեղակայելով զորքերը՝ Պենտագոնն ուղիղ ելք է ստանում դեպի Կասպից ծով, հետևաբար՝ նաև դեպի ռուսաստանյան Հյուսիսային Կովկաս, հաղորդում է Росбалт-ը և հիշեցնում, որ ԱՄՆ-ի զորքերն Ադրբեջան մտցնելու հավանականության մասին տեղեկատվությունը հաջորդեց Մոսկվայի և Բաքվի՝ Գաբալայի կայանի վարձակալությունը երակարձգելու վերաբերյալ բանակցությունների ձախողման վերաբերյալ լուրերին:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդինյոն միայն մի բանի համար է ափսոսում’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ նիստերը կհեռարձակվեն հանձնաժողովի կայքում’