‘ԱՄՆ-ը զրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ձայնի իրավունքից’

841

ԱՄՆ-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ում ձայնի իրավունքից զրկվել է այդ կազմակերպության անդամավճարը չվճարելու պատճառով, այսօր տեղեկացրել է Associated Press-ը՝ հղում անելով կազմակերպության աշխատակցին:

Երկու տարի առաջ ԱՄՆ-ը դադարեցրել էր վճարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամավճարը՝ ի նշան բողոքի՝ կազմակերպության կողմից Պաղեստինն իր շարքերն ընդունելու որոշման դեմ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնների համաձայն՝ ԱՄՆ-ը պետք է մինչև այսօր առավոտ վերականգներ կազմակերպության ֆինանսավորումը կամ ներկայացներ դրանից հրաժարվելու պատճառները: Քանի որ ԱՄՆ-ը այդ քայլերից ոչ մեկը չի կատարել, ինքնըստինքյան կորցրել է ձայնի իրավունքը, պարզաբանել է լրատվական գործակալության զրուցակիցը: Իսկ դա նշանակում է, որ այսուհետև ԱՄՆ-ը չի կարող մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագծերի ֆինանսավորմանը, որոնք վերաբերում են մշակույթի համաշխարհային հուշարձանների, այդ թվում, օրինակ, Նյու Յորքում Ազատության հուշարձանի պաշտպանությանը: Ամերիկյան ներդրումների դադարեցման արդյունքում, ինչը կազմում է տարեկան 80 միլիոն դոլար կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեի 22 %-ը, կազմակերպությունը հայտնվել է ֆինանսական ճգնաժամի շեմին, ինչն ստիպել է կտրուկ կրճատել ԱՄՆ-ի նախաձեռնած այնպիսի նախագծերի ֆինանսավորումը, ինչպիսիք են Հոլոքոստի պատմության և ցունամիների բնույթի ուսումնասիրությունները: Վաշինգտոնում շատերն անհանգստացած են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին «ոչ լիարժեք» անդամակցությունը ԱՄՆ-ին կզրկի ծայրահեղականության դեմ, տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և մամուլի ազատության համար պայքարի միջազգային նախագծերի իրականացման վրա լրջորեն ներգործելու հնարավորությունից, փոխանցում է Грузия-Online-ն:

Նախորդ հոդվածը‘Հավատաքննությու՞ն, թե՞ արժանապատվության պաշտպանություն. ՀԱԿ ներկայացրած օրինագծի քննարկումը հետաձգվեց ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանն Ադրբեջանի հետ երկու սահմանային անցակետ է փակել ‘