‘ԱՄՆ-ը Իսրայելի հայեցողությանն է թողնում Իրանին հարվածելու որոշումը’

841

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է օժանդակություն ցույց տալ և բարձրացնել Իսրայելի ռազմական գերազանցությունը Մերձավոր Արևելքում` հայտարարեց Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը Թել-Ավիվում:  Ըստ նրա խոսքերի՝ ԱՄՆ-ը թույլ կտա Իսրայելին՝ գնելու սպառազինության նոր տեսակներ, այդ թվում՝ նաև հրթիռներ ու կործանիչների համար կատարելագործված ռադիոտեղորոշիչներ` հաղորդում է Diplomat.am-ը՝ հղում անելով «Ինտերֆաքսին»: 

Հեյգելը նաև հաստատեց, որ ԱՄՆ-ը Իսրայելի հայեցողությանն է թողնում Իրանին հարված հասցնելու որոշումն ու այն իրագործելու ժամանակը, որպեսզի նրան թույլ չտա ստեղծելու ատոմային ռումբ: Նա նշեց, որ Իսրայելը ԱՄՆ-ից ստանում է այնպիսի ռազմական սարքավորումներ, «որոնք նրանք չի տրամադրում ոչ մի ուրիշ երկրի»: Ըստ Հեյգելի՝ այդ ռազմական օգնությունն ուղղված է «ապագայում օդում իսրայելական գերազանցության և հեռու տարածություններում Իսրայելի ռազմաօդային ուժերի հնարավորությունների ապահովմանը»: Տեղական մամուլի տվյալներով՝ բանակցություններում կողմերը համաձայնեցրել են Իսրայելին ամերիկյան ժամանակակից զենքեր տրամադրելու վերջին մանրամասները: 

Կողմերը նաև քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և իրանական ատոմային պրոբլեմը: «Չնայած Իսրայելը գերադասում է իրանական խնդրի դիվանագիտական ճանապարհով լուծումը՝ այնուամենայնիվ, նրա բանակը պատրաստ է ինքնուրույն պաշտպանելու իրեն»,-ասաց ԱՄՆ պաշտոնյան: 

Իսրայելից հետո Հեյգելը կժամանի նաև Հորդանան, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա և Արաբական Էմիրություններ, որոնց Վաշինգտոնը մտադիր է վաճառել Ֆ-16 տիպի 25 կործանիչ-ռմբակոծիչներ: Մատակարարումների ընդհանուր գումարը, ներառյալ իսրայելականը, գնահատվում է 10 միլիարդ ամերիկյան դոլար: 

Նախորդ հոդվածը‘Facebook սոցիալական ցանցով չափազանց հրապուրվելը հանգեցնում է ընտանիքների քայքայման’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ը պարզաբանում է, թե ինչու Ռուսաստանի խաղաղապահները չեն կարող մեկնել Հոլանի բարձունքներ’