ԱՄՆ-ը խոստովանել է, որ իր դրոնը Քաբուլում սխալմամբ սպանել է խաղաղ բնակիչների

592

ԱՄՆ-ը խոստովանել է, որ Քաբուլում անօդաչու սարքի հարվածի հետևանքով սպանվել է տասն անմեղ քաղաքացի։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հետաքննությունը պարզել է, որ անօդաչուն հարվածել է մարդասիրական առաքելության աշխատակցի մեքենային։ Զոհվել են աշխատակիցն ինքը և նրա ընտանիքի ինը անդամներ, այդ թվում՝ յոթ երեխա, որոնցից ամենակրտսերը՝ երկու տարեկան։

Դա տեղի է ունեցել Քաբուլի օդանավակայանում օգոստոսի 26-ին իրականացված ահաբեկչական գործողությունից մի քանի օր անց, երբ մահապարտ ահաբեկչի պայթյունից զոհվել էր 100-ից ավելի խաղաղ բնակիչ և ԱՄՆ 13 զինծառայող։ Ահաբեկության պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետություն» կազմակերպությունը։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության գեներալ Քեննեթ Մաքքենզիի խոսքով՝ ամերիկյան հետախուզությունը մարդասիրական առաքելության աշխատակցի մեքենային հետևել է ութ ժամ շարունակ՝ ենթադրելով, թե այն կապ ունի ԻՊ-ի տեղական խմբավորման հետ։ Ավտոմեքենան մտել է ԻՊ-ի հետ առնչություն ունեցող օբյեկտի տարածք, և նրա տեղաշարժը համապատասխանել է այլ հետախուզական տվյալների՝ Քաբուլի օդանավակայանի վրա ահաբեկիչների գրոհի վերաբերյալ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1011 նոր դեպք, 16 մահ
Հաջորդ հոդվածըՍի Ձինպինը ձգում է պտուտակները․ Չինաստանում գրոհ է սկսվել միլիարդատերերի և դերասանների վրա