‘ԱՄՆ-ը խստացնում է Կիևում իր դեսպանատան պաշտպանությունը’

828

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ամերիկյան դեսպանատան պաշտպանությունը խստացվել է, հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը;

Նախօրեին պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բեռնսը Կիևում մի շարք հանդիպումներ է ունեցել ուկրաինացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հետ, ինչպես նաև Ուկրաինայի իրավիճակը քննարկել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ:

Ընդ որում՝ պետքարտուղարությունը նշել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է «միացյալ և ուժեղ Ուկրաինան», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ուկրաինան պայքարի առարկա չէ Արևելքի և Արևմուտքի միջև: «Սա խաղ չէ՝ զրո խաղադրույքով, սա Արևմուտքի և Արևելքի դիմակայություն չէ, սա Ռուսաստանն ընդդեմ Միացյալ Նահանգների չէ: Գլխավորը ուկրաինացի ժողովուրդն է, որն ընտրում է իր ապագան: Իսկ մենք ուզում ենք աշխատել Ռուսաստանի և մյուս բոլոր երկրների հետ, ովքեր ցանկություն ունեն, որպեսզի այդ ապագան այսուհետ խաղաղ լինի»,- հայտարարել է Քերին:

Նախորդ հոդվածը‘Յուրաքանչյուր ուկրաինացու՝ ՌԴ անձնագիր. Նոր օրինագիծ Ռուսաստանի խորհրդարանում’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետ. Փողի մասին խոսակցությունը մոնտաժ է’