‘ԱՄՆ-ը կառավարությունը զրկվել է ֆինանսավորումից’

1195

ԱՄՆ սենատն ու Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը այդպես էլ չկարողացան ընդունել ժամանակավոր բյուջե 2014թ. ֆինանսական տարվա համար, որը ԱՄՆ-ում մեկնարկում է հոկտեմբերի 1-ից: Դրանով պայմանավորված՝ կառավարությունը և կառավարությանը կից պետական մարմինները մնացել են առանց ֆինանսավորման և ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը:

Սպիտակ տունը արդեն պաշտոնական հրահանգ է տվել դաշնային գերատեսչություններին սկսել աշխատանքների կրճատման պլանների իրագործում: 2.1 միլիոն դաշնային ծառայողներից 800 հազարը կուղարկվեն չվճարվող արձակուրդ, հիմնարկների աշխատանքների զգալի մասը կդադարեցվի: Մասնավորապես՝ կդադարեցվեն սոցիալական ապահովագրության վճարման հայտերի ընդունումը, հիպոթեքային վարկերի և փոքր բիզնեսի վարկերի պետական աջակցությունը, կփակվեն ազգային պարկերն ու թանգարանները:

Աշխատանքները կշարունակեն միայն պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման, օդային տրանսպորտի կարգավորման, եղանակի տեսության, իրավապահ ծառայությունները և փոստը:

ԱՄՆ պատմության մեջ 1977թվականից մինչ այսօր  կոնգրեսի և նախագահի վարչակազմի միջև տարբեր տարաձայնությունների պատճառով դաշնային կառավարության ֆինանսական աշխատանքները դադարացվել են 17 անգամ: Կառավարությունը առանց ֆինանսական միջոցների մնացել է ամենաքիչը 3օր, ամենաերկարը՝ 21 օր՝ 1995թ. դեկտեմբերի 15-ից մինչև 1996թ. հունվարի 6-ը:

Կոնգրեսում այս անգամ բյուջեի քննարկման ժամանակ դեմոկրատների և հանրապետականների հիմնական տարաձայնությունն առաջացել է բժշկական ապահովագրության նախագահական ծրագիրի պատճառով: Օբաման առաջարկել է բժշկական ապահովագրությունը դարձնել ոչ միայն մատչելի, այլ նաև պարտադիր, ինչը դժգոհությունների տեղիք է տվել, փոխանցում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի ռեժիսորը հրաժարվել է Հիլարի Քլինթոնի մասին ֆիլմ նկարահանելուց’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ը հաստատեց Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը ձայների 103/3 հարաբերակցությամբ’