‘ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի իշխանությունների դեմ’

794

ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինայի ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Սաքին: «Մանրամասների մեջ չմտնելով՝ կարող եմ ասել, որ մենք քննարկում ենք հետագա քաղաքականության տարբերակները: Դեռ որոշում չի կայացվել: Այդ թվում՝ պատժամիջոցների վերաբերյալ: Սակայն ես մտադիր չեմ մանրամասներ հաղորդել»,- ասել է նա՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով չորեքշաբթի գիշերը Կիևում միլիցիայի աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումները: Պատասխանելով այն հարցին, թե ամերիկյան կողմի կարծիքով՝ ինչ պետք է անի Ուկրաինայի կառավարությունը, Սաքին հայտարարել է, թե նրան անհրաժեշտ է «վերադառնալ Եվրամիության և ԱՄՀ-ի հետ երկխոսությանը», ինչպես նաև «լսել սեփական ժողովրդի ձայնը»:

Մինչդեռ «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ընդդիմությունը նախագահի հետ բանակցությունների կգնա միայն այն դեպքում, եթե դրան համաձայնություն տան ցույցի մասնակիցները: «Յանուկովիչի հետ  բանակցությունները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, երբ մենք ստանանք Մայդանի մանդատը», երեկ ասուլիսում հայտարարել է նա:

Ավելի վաղ Վիկտոր Յանուկովիչը բանակցությունների առաջարկով դիմել էր ընդդիմությանը: Նա կոչ էր արել բոլոր կողմերին՝ գործել սահմանադրության և Ուկրաինայի օրենքների շրջանակներում: Յանուկովիչը նաև տեղեկացրել էր, որ պատրաստ է անձամբ մասնակցել կլոր սեղանին:

Սակայն ազգայնական «Ազատություն» միավորման նախագահ Օլեգ Տյագնիբոկը հայտարարել էր, որ ընդդիմությունը իշխանության հետ բանակցությունների չի գնա, քանի դեռ չեն կատարվել իրենց պահանջները, մասնավորապես՝ ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին և ուժ չգործադրել Մայդանում հավաքված ցուցարարների նկատմամբ, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ըստ Տիգրան Սարգսյանի` կուտակային կենսաթոշակային համակարգը ուժեղացնելու է քաղհասարակությունը’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյան. Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների’