‘ԱՄՆ-ը կոչ է արել դադարեցնել պատերազմը Ղարաբաղում’

1247

ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես մտահոգված է ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում իրավիճակի սրացման կապակցությամբ, ինչն զգալի մարդկային կորուստների է հանգեցրել: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսակին, հաղորդել է Trend-ը:

«Մենք ցավակցում ենք զոհերի և վիրավորների ընտանիքներին և կողմերին կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռք առնել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ ու հարգել զինադադարի պայմանագիրը: Այդ հակամարտության ռազմական լուծում գոյություն ունենալ չի կարող»,- ասել է Փսակին:

Ըստ պետդեպարտամենտի ներկայացուցչի՝ վրեժխնդրությունը և շարունակվող բռնությունները միայն կբարդացնեն հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը: ԱՄՆ-ը, որպես Մինսկի խմբի համանախագահ, նախկինի պես պատրաստ է աջակցել կողմերին՝ հակամարտությունը կարգավորելու հարցում, ասել է Փսակին:

«Մենք ավանդաբար խրախուսում ենք կողմերի հանդիպումները, որպեսզի շարունակվի երկխոսությունն այդ հարցերի շուրջ»,- ընդգծել է նա: 

Նախորդ հոդվածը‘Սաուդցի հաղորդավարուհին եթեր է դուրս եկել գլխաբաց’
Հաջորդ հոդվածը‘Գաղտնի տեղեկատվության արտահոսք, որ կապ չունի Սնոուդենի հետ’