‘ԱՄՆ-ը մտահոգված է, որ Ադրբեջանը չի կատարում Հունգարիայի առաջ ստանձնած պարտավորությունները’

1137

«ԱՄՆ-ը մտահոգված է, որ Ադրբեջանը չի կատարում Սաֆարովի արտահանձնման նախօրեին Հունգարիայի առաջ ստանձնած պարտավորությունները»: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ մեջբերելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդի Վաշինգտոնում կայացած ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասված խոսքերը: «Մենք որոշակի մտահոգություն ունենք, մասնավորապես` այդ հարցի կապակցությամբ», ասել է Նուլանդը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ադրբեջանցիները կատարում են իրենց պարտավորությունները: Պետքարտուղարության մամլո խոսնակն անդրադարձել է նաև Սաֆարովի վերաբերյալ ԱՄՆ-Ադրբեջան քննարկումների հարցին, մասնավորապես ասելով. «Մենք, ինչպես գիտեք, հրապարակել ենք հայտարարություն այն բանից հետո, երբ հունգարացիները նրան արտահանձնեցին Ադրբեջանին, և մենք կապի մեջ ենք ադրբեջանցիների հետ և պնդում ենք, որ նրանք հետևեն այն պարտավորություններին, որոնք, ինչպես հայտարարվել է, ստանձնել են հունգարացիների առջեւ` նրան (Սաֆարովին- խմբ.) ազատ արձակելուց առաջ»,-ասել է Նուլանդը:

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել է Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտել է Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացել է նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհել են մայորի կոչում: Ինչից հետո Հայաստանը կասեցրել է հարաբերությունները Հունգարիայի հետ:

Նախորդ հոդվածը‘Առավելապես խախտումներ արձանագրվել են սոցիալական ոլորտում. Իշխան Զաքարյան ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է միայն 15 սիրիահայերի սպանությունը’