ԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել առաջարկների պատասխանը

282

ԱՄՆ-ը եվրոպական անվտանգության ոլորտում Ռուսաստանի առաջարկներին գրավոր պատասխան է ուղարկել։

Ամերիկյան պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է պնդել ՆԱՏՕ-ի բաց դռների սկզբունքը, թեև Մոսկվան պահանջել էր իրեն երաշխիքներ ներկայացնել, որ դաշինքը չի ընդարձակվի դեպի Արևելք, և Ուկրաինան չի դառնա նրա անդամ։

Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ հրապարակել իր պատասխանը Ռուսաստանին, որպեսզի հնարավորություն թողնի բանակցությունների համար։ Սակայն դատելով նրա հայտարարությունից՝ փաստաթուղթը գրեթե նույն դրույթներն ունի, ինչ ավելի վաղ հնչեցրել է Վաշինգտոնը։

«Ռուսաստանից է կախված, թե ինչպիսին կլինի պատասխանը։ Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման,- ասել է Բլինքենը չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում։- Մենք գերադասում ենք դիվանագիտությունը»։

Պետքարտուղարը նշել է, որ փաստաթուղթը համակարգվել է Ուկրաինայի և ՆԱՏՕ-ում ամերիկյան դաշնակիցների հետ։

«Սա ձևական բանակցային փաստաթուղթ չէ, սրանք ուղիղ առաջարկներ չեն, այնտեղ պարզապես շարադրված են որոշ մտքեր, թե ինչպես մենք միասին – եթե նրանք լուրջ են տրամադրված – կարող ենք ամրացնել հավաքական անվտանգությունը»,- ասել է Բլինքենը։

Միացյալ Նահանգներին զուգահեռ՝ չորեքշաբթի անվտանգության հարցերով առաջարկներին գրավոր պատասխան է ուղարկել նաև ՆԱՏՕ-ն։

«Մենք պարզ հասկացրել ենք, որ զիջումների չենք գնա մեր գլխավոր սկզբունքների հարցում, և դրանցից մեկն այն է, որ ցանկացած երկիր իրավունք ունի ընտրելու իր սեփական ճանապարհը։ ՆԱՏՕ-ն հարգում է այն որոշումները, երբ երկրները ցանկանում են մտնել դաշինքի շարքերը, ինչպես, օրինակ, Ուկրաինան, կամ չմտնել՝ ինչպես Ֆինլանդիան և Շվեդիան»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըAusOpen. Մեդվեդեւը մոտ 5 ժամ տեւած պայքարի արդյունքում դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածըԻռլանդացի ձկնորսներն ընդդեմ ռուսաստանյան նավատորմի