‘ԱՄՆ-ը Սիրիայի ընդդիմությանը զենք չի մատակարարի և թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա. Օբամայի առաջին ասուլիսը վերընտրվելուց հետո’

913

Միացյալ Նահանգներն առայժմ պատրաստ չէ Սիրիայի ազգային դաշինքը (ՍԱԴ) դիտարկել որպես «վտարանդի կառավարություն» և մտադիր չէ նրան զենք մատակարարել: Երեկ՝ նոյեմբերի 14-ին, վերընտրվելուց հետո առաջին անգամ Սպիտակ տանը կայացած մամլո ասուլիսում նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է Associated Press-ը: Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը նոյեմբերի 11-ին ձևավորված ՍԱԴ-ը համարում է սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչը, սակայն ժամանակ է անհրաժեշտ՝ համոզվելու համար, որ այդ ընդդիմադիր կառույցը «հավատարիմ է ժողովրդավարական, ժամանակակից Սիրիա կառուցելու գործին»: Ըստ ԱՄՆ նախագահի՝ Միացյալ Նահանգներն առայժմ չի քննարկել սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու հարցը, քանի որ վտանգ կա, որ այդ զենքը կհայտնվի ծայրահեղականների ձեռքում և կարող է օգտագործվել հենց ամերիկացիների կամ իսրայելցիների դեմ:  Ասուլիսում Օբաման անդրադարձել է նաև ամերիկյան արտաքին և ներքին քաղաքականության այլ առանցքային հարցերի: Մասնավորապես, նա հայտարարել է, որ նախկինի պես իրանական միջուկային հիմնահարցը դիվանագիտական ճանապարհով  լուծելու կողմնակիցն է: «Մենք թույլ չենք տա, որ Իրանը միջուկային զենք ունենա, սակայն առայժմ դեռ ժամանակ կա այդ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար»,- հայտարարել է Օբաման և հավաստիացրել, որ դրա համար պատրաստ է ուղղակի բանակցություններ սկսել Թեհրանի հետ:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում աճել է ճանապարհային պատահարների թիվը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում շարունակվում են բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները’