ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Պանամայի նախկին նախագահի դեմ

302

Միացյալ Նահանգների վարչակազմը չորեքշաբթի վիզայի հետ կապված պատժամիջոցներ է սահմանել Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելլիի նկատմամբ, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։

«Այսօր ես հայտարարում եմ Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Ալբերտո Մարտինելլի Բեռոկալի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ նշանակալի կոռուպցիոն հանցագործությունների նրա առնչության համար։ Մասնավորապես, Մարտինելլին  նախագահի պաշտոնում եղած շրջանում կաշառքներ է վերցրել՝ ապօրինաբար պետական պայմանագրեր տրամադրելու դիմաց։ ․․․Մարտինելլին և նրա մերձավոր ազգականները ԱՄՆ մուտք գործելու իրավունք չունեն»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Մարտինելլին Պանամայի նախագահն է եղել 2009-ից 2014 թթ․։ Նա երկրից հեռացել է 2015 թ․, իսկ 2016 թ․ պանամացի դատավորը ԱՄՆ իշխանություններին է դիմել քաղաքական գործչին արտահանձնելու պահանջով։ 2017 թ․ նախկին նախագահը ձերբակալվել է Մայամիում` այն բանից հետո, երբ նույն թվականի մայիսին նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել Ինտերպոլի  գծով։ Նախկին նախագահը մեղադրվում էր քաղաքական շանտաժի, բյուջետային միջոցները մսխելու և պանամական վիզաների ապօրինի վաճառքի համար։

Ընդհանուր առմամբ՝ կենտրոնամերիկյան այդ երկրի նախկին նախագահին սպառնում էր մինչև 21 տարվա ազատազրկում։ 2018 թ․ ԱՄՆ իշխանությունները Մայամիում ձերբակալել էին նաև Մարտինելլիի երկու որդիներին։ 2019 թ․ Պանամայի գերագույն դատարանը չեղարկել էր Մարտինելլիին ներկայացված բոլոր մեղադրանքները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՃապոնիայում չեն մեկնաբանել նախկին վարչապետի հայտարարությունը
Հաջորդ հոդվածըIBM-ն աշխատանքից կազատի գրեթե 4 հազար աշխատակցի