‘ԱՄՆ-ը և «Թալիբանը» Քաթարում կբանակցեն աֆղանական խնդրի շուրջ ‘

777

ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հույս են հայտնել, որ այս շաբաթ խաղաղ բանակցություններ կսկսվեն՝ Աֆղանստանում ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջազգային ուժերի և «Թալիբանի» գրոհայինների միջև տասներկուամյա արյունահեղությունից հետո այդ երկրում խաղաղություն հաստատելու նպատակով: Թալիբները Քաթարի մայրաքաղաք Դոհայում այդ նպատակով բացել են իրենց գրասենյակը և հայտարարել, որ ցանկանում են հասնել խնդրի քաղաքական լուծման, որը կնպաստի վերջ տալ Աֆղանստանի արտասահմանյան օկուպացիային և այնտեղ հաստատել արդարացի կառավարում:

ԱՄՆ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ բանակցությունները Դոհայում կսկսվեն հինգշաբթի, բայց միաժամանակ նշել են, որ դրանք դժվար բանակցություններ են լինելու, և ոչ մի երաշխիք չկա, թե հաջող ավարտ կունենան: Աֆղանական կառավարության պատվիրակությունը նույնպես ներկա կգտնվի բանակցություններին: ԱՄՆ ներկայացուցիչները նաև հայտարարել են, թե Պակիստանում տեղակայված «Խաքանի ցանցը» նույնպես ներկայացված կլինի բանակցություններում: «Մենք հստակ չգիտենք թալիբների պատվիրակության կազմը, սակայն ենթադրում ենք, որ այն կներկայացնի շարժումն ամբողջությամբ՝ ներառյալ «Խաքանի ցանցը»»,-ասել են նրանք: Ի դեպ, անցյալ տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ը «Խաքանի ցանցը» ընդգրկել էր պետդեպարտամենտի կողմից կազմվող արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների ցանկի մեջ, ապա նաև պատժամիջոցներ սահմանել նրա նկատմամբ: Ամերիկյան կոնգրեսի տվյալներով՝ այդ խմբավորման գրոհայինները շարունակում են հարձակումներ գործել Աֆղանստանում ԱՄՆ-ի զինվորականների և օբյեկտների վրա, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Այսօր, սակայն, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասեցնելու մասին՝ Աֆղանստանում խաղաղության գործընթացի նկատմամբ «ամերիկյան կողմի անհետևողականության» պատճառաբանությամբ: Քաբուլում ԱՄՆ դեսպանատունն այս առիթով պատրաստվում է պաշտոնական հայտարարություն անել:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Սերժ Սարգսյանը կառավարում է «խնայող տնտեսուհու նման» ‘
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը խնդրեց տարբերակ հուշել, թե ինչպես կարելի է իջնել մեքենայից՝ առանց այն կանգնեցնելու’