‘ԱՄՆ-ը 198 լուսանկար է հրապարակել Իրաքում և Աֆղանստանում բռնությունների վերաբերյալ’

1266

Պենտագոնը հրապարակել է 198 լուսանկար, որոնք վկայում են Իրաքում և Աֆղանստանում գտնվող զինվորական բանտերում կալանավորների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին:

Այդ լուսանկարների շուրջ սկանդալը շարունակվում է արդեն 12 տարի, այն պահից, երբ իրավապաշտպանները պահանջեցին հրապարակել բանտերում խոշտանգումների հետաքննության նյութերը:

Անցյալ տարվա մարտին դատարանը բավարարեց Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության հայցն ընդդեմ ԱՄՆ կառավարության՝ իշխանություններին պարտավորեցնելով հրապարակել լուսանկարները, ինչը և մեկ տարի անց կատարել է Պենտագոնը:

Լուսանկարներում պատկերված են ամերիկյան բանտերի կալանավորներ, որոնց մարմինների վրա երևում են խոշտանգումների հետքերը: Պենտագոնը հավաստիացնում է, որ բոլոր չարաշահումների դեպքերով ներքին հետաքննություն և դատավարություն է տարվել, և մեղավորները պատժվել են, ընդհուպ՝ մինչև ցմահ ազատազրկում:

Մինչդեռ Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը պնդում է, որ կառավարությունը դեռ առնվազն 2000 լուսանկար էլ պետք է հրապարակի, որոնք վկայում են կալանավորների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Քրիստիան Ֆրիդրիխ Հայնեկենը. «Ափսոս էր երեխան» (Վ. Ս.)’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. ԻՊ-ն աննախադեպ սպառնալիք է աշխարհին’