Կոնգրեսականներ․ Թրամփը մեղավոր է Կապիտոլիումի գրոհի հարցում

416

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովը, որն զբաղվում է 2021 թ․ հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա գրոհի հանգամանքների հետաքննությամբ, հինգշաբթի առաջին բաց լսումներում ներկայացրել է հավաքված նյութերի մի մասը, որոնք, օրենսդիրների կարծիքով, վկայում են հօգուտ այն բանի, որ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանատվություն է կրում ամերիկյան մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների համար։

Հիշյալ հանձնաժողովի նախագահ Բեննի Թոմփսոնը (դեմոկրատ` Միսիսիպի նահանգից) Թրամփի գործողությունները բնութագրել է որպես «լայնածավալ, բազմաստիճան դավադրություն՝ նախագահական ընտրությունները կեղծելու նպատակով»։ Ըստ նրա՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում տեղի ունեցած դեպքերը «հեղաշրջման փորձի բարձրակետն էին»։

Ներկայացուցիչների պալատի անդամ Լիզ Չեյնին (հանրապետական՝ Վայոմինգ նահանգից), որը նույնպես հատուկ հանձնախմբի կազմում է, հայտարարել է․ «Նրանք, ովքեր ներխուժել էին Կապիտոլիում և մի քանի ժամ շարունակ կռվում էին իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ, մոտիվացված էին նրանով, ինչ նրանց ասել էր նախագահ Թրամփը՝ թե ընտրությունները գողացվել են, և օրինական նախագահը ինքն է»։

Հատուկ հանձնաժողովում յոթ դեմոկրատ կա և երկու հանրապետական։ Վերջիններս բազմիցս հանդես են եկել քննադատությամբ Թրամփի հասցեին։ Շատ կուսակիցներ նրանց դատապարտում են դրա համար։

Հատուկ հանձնաժողովն ստեղծվել է դեմոկրատների նախաձեռնությամբ և ի հեճուկս հանրապետականների բողոքների։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿոլումբիա․ նախագահի թեկնածուն չեղարկել է նախընտրական հանդիպումները
Հաջորդ հոդվածըԴԺՀ-ում մահապատժի են դատապարտվել բրիտանացիները և մարոկկացին