‘ԱՄՆ կոնգրեսական. Միջազգային հանրությունը պետք է համարժեք արձագանքի Դեյր էլ Զորի եկեղեցու պայթեցմանը’

1006

Միջազգային հանրությունը պետք է համարժեք արձագանքի Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցմանը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն:

Քաղաքական գործիչը նշել է, որ վշտացած է հայկական եկեղեցու կործանման առնչությամբ, որը կառուցվել էր Դեյր էլ Զորի ճանապարհին զոհված հարյուր հազարավոր  հայերի հիշատակին: «20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում թուրքերը  հայերին ուղարկում էին Դեր-էզ-Զոր մեռնելու, և եկեղեցու ոչնչացումը, որը կառուցվել էր`  հավերժացնելու սարսափելի պատմական պահը, չպետք է մնա անպատասխան», — ընդգծել է նա: Կոնգրեսականը նաև նշել է, որ ԱՄՆ կառավարությունը և նրա միջազգային գործընկերները պետք է ջանք չխնայեն պատմական հուշարձանները և կրոնական փոքրամասնություններին պաշտպանելու: «Հայոց ցեղասպանության  100-ամյա տարելիցի նախաշեմին բոլորը պետք է հիշեն, որ իրենց պարտավորությունն է պաշտպանել հայերին ողջ աշխարհում և կանխել հետագա նպատակաուղղված բռնությունը», — նշել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայաթեցրել են Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Գրոհայինների գործողություններն արդեն դատապարտել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով ակնարկել է այդ ահաբեկչական գործողությանն Անկարայի մեղսակցության մասին:  

Նախորդ հոդվածը‘Վլ.Կարապետյան. Կրկին հաստատվեց Սերժ Սարգսյանի անպատասխանատու կեցվածքը ‘
Հաջորդ հոդվածը‘Շվեյցարիան եվրոպական ֆուտբոլային իշխանւթյուններին զրկել է հարկային արտոնություններից ‘