‘ԱՄՆ Կոնգրեսն սկսում է քննարկել Սիրիային ռազմական հարված հասցնելու հարցը’

883

Երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ քննարկելու է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախորդ օրը Հեյգը բրիտանական ԶԼՄ-ներին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան մտադիր չէ խառնվել Մերձավոր Արևելքի ռազմական հակամարտությանը: Ավելի վաղ Համայնքների պալատը մերժել էր կառավարության բանաձևը՝ Սիրային ռազմական հարված հասցնելու անհրաժեշտության վերաբերյալ: Միևնույն ժամանակ, Հեյգը պաշտպանել է ԱՄՆ-ի մտադրությունը: Ըստ նրա՝ Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառումն ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քան Սիրիայի դեմ ռազմական գործողությունները:

Երկուշաբթի ամերիկյան կոնգրեսն ամառային արձակուրդից հետո վերսկսում է իր աշխատանքները: Ամերիկյան ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ Օբամայի բանաձևը պատրաստ է պաշտպանել 100 սենատորներից 25-ը, ավելի քան 50-ը դեռ չեն կողմնորոշվել: Ներկայացուցիչների պալատում 435 օրենսդիրներից 24-ը «կողմ» են, 123-ը՝ «դեմ», մյուսները դեռ մտածում են:

Նախօրեին ամերիկյան երկու հետուստաալիքների տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի կողմից սպասվող ռազմական հարվածին, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ազատություն քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա՝ սեպտեմբերի 10-ին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Քաղաքական սահմանազատման ժամանակը’