‘ԱՄՆ հատուկ ծառայությունները նախազգուշացնում են նախապատրաստվող ահաբեկությունների մասին’

883

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է Եվրոպայի երկաթուղիներում նախապատրաստվող ահաբեկությունների մասին: Այդ մասին տեղեկացնում է գերմանական Bild թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրների: ԱԱԳ-ն նման տեղեկատվություն է ստացել «Ալ-Քաիդայի» ղեկավար անդամների հեռախոսազրույցները գաղտնալսելու միջոցով: Նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների վերաբերյալ որևէ մանրամասն չի հաղորդվում: Սակայն այդ բնագավառի փորձագետների կարծիքով՝ խոսքը կարող է վերաբերել ինչպես երկաթգծերը շարքից հանելուն, այնպես էլ ռելսերի վրա կամ թունելներում պայթուցիկներ տեղադրելուն, ինչպես նաև՝ հենց գնացքներում պայթյուններ կազմակերպելուն: Գերմանական իշխանություններն արդեն խստացրել են անվտանգության միջոցառումները, մասնավորապես՝ կայարաններում և արագընթաց ուղիներում կարգուկանոնին հետևում են նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ:

Օգոստոսի սկզբներին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը գաղտնալսել է «Ալ-Քաիդայի» պարագլուխ Այման ալ-Զավահիրիի և ահաբեկչական կազմակերպության ևս 20 անդամների հեռախոսային խոսակցությունները, որոնցում խոսվում է նոր ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մասին: Ստացված տեղեկատվությունը վերլուծելուց հետո Վաշինգտոնը և նրա դաշնակիցները որոշեցին ժամանակավորապես փակել իրենց դեսպանատները Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի մի շարք երկրներում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. «Հարսնաքարի» գործով դատաքննությունը հանցագործության ամբողջական պատկերը վեր չի հանել’
Հաջորդ հոդվածը‘Սեւանում նշել են Մարդասիրության համաշխարհային օրը’