‘ԱՄՆ մամուլը Իրաքի հյուսիսում իսլամիստների հարձակումներն անվանում է բլիցկրիգ’

903

Իսլամիստների հաղթական առաջխաղացումը Իրաքի հյուսիս-արևմուտքում, որն ամերիկյան մամուլը հաճախ անվանում է բլիցկրիգ (կայծակնային պատերազմ), ԱՄՆ-ում փորփրել է  դեռևս չսպիացած վերքերը:

«Պատերազմի վետերանները սարսափով են հետևում, թե ինչպես են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները գրավում այն քաղաքները, որոնց համար իրենք արյուն են թափել»,- ազդարարում է CBS հեռուստակայանի ռեպորտաժը Սան-Ֆրանցիսկոյից:

Daily Beast կայքը տեղադրել է հարցազրույց Իրաքի Բուքքա ճամբարի նախկին պարետ Քենեթ Քինգի հետ, որտեղ չորս տարի պահվել է ԻԼԻՊ-ի ներկա առաջնորդ Աբու Բաքր Բաղդադին:

Բուքքա ճամբարը, որ այդպես էր կոչվել ի պատիվ 2001 թ. սեպտեմբերի 11-ին զոհված հրշեջ Ռոնալդ Բուքքայի, ամենամեծն էր Իրաքում. այնտեղ պահվում էր 26 հազար մարդ: Գնդապետ Քինգը հայտնել է, որ շատ լավ է հիշում Բաղդադաիին, որին այն ժամանակ ամենավտանգավոր հանցագործը չէին համարում:

Բաղդադին, ըստ երևույթին, գիտեր, որ իրեն պահպանում են ռազմական ոստիկանության 306-րդ գումարտակի զինվորները, իսկ գումարտակը տեղակայված է Նյու Յորքի մերձակայքում: Ուստի երբ նրան 2009 թ. տեղափոխում էին մեկ այլ ճամբար, նա պահակներին հրաժեշտ էր տվել հետևյալ խոսքերով. « Տղե՛րք, մինչ նոր հանդիպում Նյու Յորքում»:

Ընդհանուր առմամբ՝ Իրաքում  պատերազմի ընթացքում զոհվել է ԱՄՆ 4 400 ամերիկացի զինվոր, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Իրան-ԱՄՆ ալյանսը նոր հորիզոններ կբացի Հայաստանի առաջ’
Հաջորդ հոդվածը‘Լեյլա Յունուսը հանդես է եկել հայ դիպուկահարների պաշտպանությամբ’