‘ԱՄՆ մուտքի վիզաների տրամադրմանն առնչվող խափանումների վերացման համար մի քանի շաբաթ կպահանջվի’

779

ԱՄՆ մուտքի վիզաների ստանալու հայտերի մշակման համակարգչային համակարգի գործունեության խափանումների վերացման համար դեռ, առնվազն, մի քանի շաբաթ կպահանջվի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետի տեղակալ Մարի Հարֆը` ճեպազրույցի ժամանակ: Նրա հավաստմամբ, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության տեխնիկական մասնագետները շարունակում են վիզային համակարգի աշխատունակության լիակատար վերականգնման աշխատանքները:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը միաժամանակ դժվարացել է հաղորդել, թե քանի օտարերկրացի է տուժել համակարգի աշխատանքի խափանումից: «Հուլիսի 20-28-ը մենք տրամադրել ենք ավելի քան 180 հազար ոչ ներգաղթի վիզա` աշխարհով մեկ: Իսկ սովորաբար նույնպիսի ժամանակահատվածում մենք ակնկալում էինք շուրջ 370 հազար», — հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ից ԱՄՆ կասեցրել է վիզաների տրամադրումը ողջ աշխարհում` տեխնիկական խնդիրների առնչությամբ: Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը դա հիմնավորել է անձնագրավիզային համակարգի տեխնիկական անսարքություններով, որոնք ազդել են վիզաների տրամադրման գործընթացի վրա ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ աշխարհում:  

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն մտահոգված է ադրբեջանական Յունուս ընտանիքի դեմ քրեական գործի հարուցման առնչությամբ’
Հաջորդ հոդվածը‘2014 թ.-ի առաջին կիսամյակում էլեկտրաէներգիայի արտադրությունը ՀՀ-ում 3,2 տոկոսով կրճատվել է’